Թռիչքի ժամանակ Saudi Arabian Airlines ավիաընկերության օդանավի թեւի մեջ թռչուն է մխրճվել: Daily Mail-ը հայտնում է, որ դա նկատել են միայն օդանավի վայրէջք կատարելուց հետո:

Airbus A333-ի վնասվածքը նկատել են Սաուդյան Արաբիայի արեւմուտքում Ջիդա քաղաքի օդանավակայանում վայրէջք կատարելուց հետո: Երկրի մայրաքաղաք Էր Ռիյադ չվերթին օդանավը նախապատրաստելու ժամանակ օդաչուներից մեկը նկատել է, որ օդանավի ձախ թեւի մեջ թռչուն է մխրճվել: Սատկած արծիվը գտնվել է բացված անցքում:

Արդյունքում՝ հարկադրված էին թռիչքը երեք ժամով հետաձգել: Մասնագետները սկսել են վերանորոգել վնասված օդանավը:

Նոյեմբերի 23-ին հայտնի է դարձել, որ Մոսկվայից Դոմինիկյան Հանրապետություն ուղեվորվող Azur Air ավիաընկերության օդանավը ստիպված է եղել «Դոմոդեդովո» օդանավակայան վերադառնալ շարժիչի մեջ ընկած թռչունի պատճառով: Օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել, իսկ ուղեւորները մեկնել են այլ չվերթով: