Չինաստանի հյուսիս-արեւմուտքում Սինցզյանի իշխանությունները սկսել են առգրավել այդ ինքնավար շրջանի բոլոր բնակիչների անձնագրերը։
Սինցզյանի բոլոր բնակիչներին խորհուրդ են տվել անձնագրերը հանձնել ոստիկանություն, որտեղ դրանք «անվտանգ կլինեն»։ Նման համակարգ է գործում նաեւ Թիբետում։
Չինաստանի պետական լրատվամիջոցները այս քայլը բացատրում են սոցիալական կարգուկանոն պահպանելու ու ահաբեկչության դեմ պայքարելու անհրաժեշտությամբ, փոխանցում է BBC–ն։
Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը տեղական իշխանությունների այս որոշումն անվանել է ազատ տեղաշարժի մարդու անքակտելի իրավունքի ոտնահարում։
Սինցզյանը, որտեղ բնակվում է 10 մլն մուսուլման ույգուր, Չինաստանի ամենաանկայուն շրջանն է։ Ույգուր անջատողականները վաղուց են պայքարում Արեւելյան Թուրքեստան անկախ պետություն ստեղծելու համար, դրա համար երբեմն օգտագործելով բռնի մեթոդներ։


























