Կոլումբիայի հետախուզական ծառայության (DAS) նախկին ղեկավար Միգել Մասա Մարկեսը մեղավոր է ճանաչվել եւ 30 տարի ժամկետով ազատազրկման դատապարտվել 1989 թվականին նախագահի թեկնածուի սպանության գործով: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Նախկին լրագրող Լուիս Կառլոս Գալոնը, որը խոստացել էր պայքարել թմրանյութերի վաճառքի դեմ եւ ԱՄՆ-ին արտահանձնել նարկոկարտելների առաջնորդներին, նախագահական արշավի ֆավորիտներից էր համարվում: Նրան գնդակահարել են նախընտրական հանրահավաքի ժամանակ:

Կոլումբիայի Գերագույն դատարանը պարզել է, որ հատուկ ծառայությունների նախկին ղեկավարը մասնակից է սպանությանը, քանի որ սպանությունից մի քանի օր առաջ կրճատել է Գալոնի պաշտոնական թիկնապահների թիվը:

Տասնյակ հազարավոր մարդկանց առջեւ Գալոնի սպանությունը ցնցել էր Կոլումբիան: Քննիչները պարզել են, որ նրան գնդակահարել են դավադրության արդյունքում, որին մասնակից է նրա քաղաքական մրցակից, հայտնի նարկոբարոն Պաբլո Էսկոբարը: