Ո՛չ Կրեմլը, ո՛չ Ռուսաստանի ԱԳ նախարարության ներկայացուցիչները կապ չունեն Փարիզի մասնավոր միջոցառման հետ, որի ընթացքում ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի որդին բանակցություններ է անցկացրել, որի կիզակետում են եղել Սիրիայի հարցով Ռուսաստանի հետ համագործակցության հնարավոր ուղիները: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: 

Ավելի վաղ The Wall Street Journal պարբերականը, վկայակոչելով իր լավատեղյակ աղբյուրներին, հայտնել էր, որ Դոնալդ Թրամփ-կրտսերը՝ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի ավագ որդին, հոկտեմբերին Փարիզում դիվանագետների, գործարարների եւ քաղաքական գործիչների հետ մասնավոր բանակցություններ է վարել, որոնց ընթացքում քննարկվել են Սիրիայի հարցում Ռուսաստանի հետ համագործակցության հնարավոր ուղիները:

«Ո՛չ, ո՛չ Կրեմլը, ո՛չ ԱԳՆ-ի ներկայացուցիչները այդ բանավեճին ոչ մի կապ չեն ունեցել»,- հայտարարել է Պեսկովը: Նրա խոսքով՝ Սիրիայի ճգնաժամի քաղաքական կարգավորման նպատակով համագործակցության գաղափարը այն գաղափարն է, որն ի սկզբանե պնդում է Վլադիմիր Պուտինը:

«Ցավոք, փոխադարձության չհանդիպելով Ամերիկայի Միացյալ Նահանգների վարչակազմի կողմից»,- հավելել է մամուլի քարտուղարը: