Վինտաժային ինքնաթիռներով Աֆրիկայի օդային տարածքով թռիչք իրականացնող պիլոտաժային միջազգային խումբը իր ճանապարհը կշարունակի, քանի որ Եթովպիայի իշխանությունները ազատ են արձակել ձերբակալված օդաչուներին: Այս մասին հայտնում է BBC-ն: 

Ավիամրցարշավի մոտ 60 մասնակիցների խումբը վայրէջք է կատարել երկրի արեւմուտքում՝ Հարավային Սուդանի սահմանի մոտ: Եթովպիայի իշխանությունները ճանապարհորդներին ձերբակալել էին՝ պնդելով, որ նրանք երկրի օդային տարածք մտնելու թույլտվություն չեն ունեցել:

Տեղի ունեցածը դիվանագիտական սկանդալ է հարուցել, որի արդյունքում Եթովպիայի իշխանությունները օդաչուներին թույլ են տվել ճանապարհը շարունակել:

Արտասովոր ավիաթռիչքին մասնակցում են 13 երկրների էնտուզիաստ օդաչուներ: Խումբը թռիչքը մեկնարկել է Հունաստանի Կրետե կղզուց եւ մտադիր է այն ավարտել հարավաֆրիկական Քեյփթաունում:

Vintage Air Rally (VAR) նախագծին մասնակցող ինքնաթիռները կառուցվել են 1920-1940-ական թվականներին: