Ջավախքի Ախալքալաքի շրջանի Վաչիանի բնակիչները իրավապահ մարմիններից պահանջում են քայլեր ձեռնարկել Քաչոտյանների ընտանիքի 4 անդամների սպանությունը բացահայտելու համար: Նման պահանջով վաչիանցիները կրկին բողոքի ակցիա են իրականացրել Ախալքալաքի ոստիկանության դիմաց՝ հանդիպում պահանջելով ոստիկանապետի հետ: Սակայն, բողոքի ակցիա իրականացնողներին այդպես էլ ոչ ոք չի մոտեցել՝ անպատասխան թողնելով գյուղացիներին եւ Քաչոտյանների հարազատներին հուզող հարցերը: NEWS.am-ի հետ զրույցում Վաչիանի գյուղի դպրոցի ուսուցչուհի տիկին Ալինան նշեց, որ քրեական գործով ամիսներ անց, դեռ ոչ մի նորություն չկա, իսկ Քաչոտյանների հարազատները մտահոգված են, որ գործով ամբաստանյալի ինքնասպանությունից հետո քրեական գործը կարող է կարճվել. «Գործը քնեցրել են, ոչ մի նորություն դեռ չկա»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ վաչիանցիները բողոքի ակցիա են իրականացրել ոստիկանության դիմաց եւ պահանջել իրավապահ մարմիններից բացահայտել Քաչոտյանների սպանությունը:
Ջավախքի Ախալքալաքի շրջանի Վաչիանի գյուղում հուլիսի 9-ին սեփական տանը Քաչոտյանների ընտանիքի 4 անդամների սպանության մեջ մեղադրվող Նոդար Ակոպովը օգոստոսի 27-ին կալանավայրում ինքնասպան էր եղել: Նրա ինքնասպանության գործով զբաղվում է անձամբ Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանը, սակայն, ինքնասպանությունից միչեւ այսօր գործով դեռ ոչ մի նորություն չկա: Քաչոտյանների հարազատները պնդում են, որ Նոդար Ակոպովն այդ սպանությունը մենակ չէր կարող իրականացնել. նրա հետ էլի մարդիկ են եղել, որոնք միչեւ այժմ բացահայտված չեն: Իսկ սպանված Քաչոտյանների հայրը՝ Վաղինակը, չի հավատում գործով մեղադրյալի ինքնասպանության վարկածին, նա պնդում է, որ նրա ինքնասպանությունը բեմադրված է եղել եւ Ակապովը չի մահացել:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Ջավախքի Ախալքալաքի շրջանի Վաչիանի գյուղում Քաչոտյանների ընտանիքի 4 անդամներին` մորը եւ 5, 13, 18 տարեկան երեխաներին, հուլիսի 10-ին, հարազատները հայտնաբերել են սպանված:
Նախնական տեղեկություններով, հանցագործը մորն ու աղջիկներին սպանել է բութ գործիքի հարվածներով, իսկ տղային խեղդամահ է արել:
Նշենք, որ Վաչիանին Ջավախքի Ախալքալաքի շրջանի հայաբնակ գյուղերից է, գյուղի կողքով է անցնում նորաբաց թուրք-վրացական միջպետական ճանապարհը:
Նշենք, որ ընտանիքի հայրը` Վաղինակ Քաչոտյանը, Ռուսաստանի Դաշնությունում էր` արտագնա աշխատանքի:




























