ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանն այսօր՝ նոյեմբերի 25-ին, Փարիզ կատարած աշխատանքային այցի ընթացքում մի շարք հանդիպումներ է ունեցել գործընկեր կառույցների ղեկավարների հետ: Մասնավորապես՝ աշխատանքային քննարկումներ են տեղի ունեցել Դատական կատարողների միջազգային միության, Էստոնիայի դատական կատարողների եւ սնանկության կառավարիչների պալատի, Բելառուսի արդարադատության նախարարության հարկադիր կատարման գլխավոր վարչության, Լատվիայի հարկադիր կատարողների խորհրդի, ՌԴ դատական պրիստավների դաշնային ծառայության ղեկավար կազմերի հետ:
Հանդիպումների ընթացքում կողմերն ընդգծել են միջազգային համագործակցության ոլորտում փոխգործակցության խորացման եւ առաջադեմ փորձի փոխանակման անհրաժեշտությունը: Արմեն Հարությունյանը ներկայացրել է Հարկադիր կատարման ծառայության հետագա զարգացման հեռանկարներն ու Ծառայության որդեգրած քաղաքականությունը եւ հույս է հայտնել, որ համագործակցության ընդլայնման ձեռքբերված պայմանավորվածություններն առարկայական կդառնան մոտ ապագայում:




























