ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը կարող է իր վարչակազմ հրավիրել ոչ միայն բիզնեսի ներկայացուցիների, պետծառայողների ու զինվորականների, այլեւ գիտական շրջանակների ներկայացուցիչների։ Այս մասին CNN –ին տված հարցազրույցում ասել է Թրամփի անցումային թիմի անդամ Էնթոնի Սկարամուչչին, փոխանցում է ՏԱՍՍ–ը։ «Թրամփի փեսա Ջարեդ Քուշների խորհրդով աշխատակազմ կարող են հրավիրել Հարվարդի համալսարանի պրոֆեսորներ»,- նշել է նա, հիշեցնելով, որ նախագահ Ռոնալդ Ռեյգանի վարչակազմում աշխատակիցների 55 տոկոսը եղել է գործարար շրջանակների ներկայացուցիչներ, 35 տոկոսը՝ չինովնիկներ, իսկ 10 տոկոսը՝ գիտական շրջանակների ներկայացուցիչներ։

«Ընտրված նախագահ Դոնալդ Թրամփն իր խնդիրն այն է համարում ոչ միայն 20-30 առանցքային պաշտոնների համար լավագույն գործիչներին առաջադրելը, այլեւ այնպես անելը, որ դեպարտամենտների ղեկավարների տեղակալներն էլ ամենաորակյալ մասնագետները լինեն»,- շեշտել է նա։