Lufthansa ընկերությունը հայտնել է, որ կարող է չեղարկել մի քանի կիրակնօրյա չվերթներ, նույնիսկ եթե օդաչուները չշարունակեն գործադուլն այդ օրը, հայտնում է Reuters–ը։

«Կիրակի թռիչքները պետք է իրականացվեն գրաֆիկի համաձայն։ Բայց նախորդ օրերի գործադուլների պատճառով մի քանի չվերթներ այնուամենայնիվ կարող են չեղարկվել»,- հայտնել են ավիաընկերությունում։

Նոյեմբերի 26-ին մոտ 137 չվերթ է չեղարկվել օդաչուների արհմիության շարունակվող գործադուլի պատճառով։ Ավելի վաղ հայտնել են, որ Vereinigung Cockpit-ը դեռ մտադիր չէ դադարեցնել նոյեմբերի 23-ին սկսված գործադուլը։

Գործադուլների ներկա ալիքը տարածվել է Eurowings եւ Germanwings կոնցեռնի լոոքոսթերների վրա, նաեւ ավիափոխադրողի մյուս «դուստր» ընկերությունների վրա։