Ջո Քորը՝ Sex Pistols-ի մենեջեր Մալքոլմ Մաքլարենի եւ մոդելյոր Վիվիեն Վեսթվուդի որդին, այրել է հայտնի փանք-խմբի հետ կապված իրերի հավաքածուն:
Քորը պնդում է, որ ոչնչացրել է հագուստը, պաստառներն ու այլ իրեր, որոնց ընդհանուր արժեքը գերազանցում է 6 մլն դոլարը:
BBC-ի փոխանցմամբ՝ հավաքածուն բեռնել են բեռնանավը, այնուհետեւ այն Թեմզայի կենտրոն տարել: Տախտակամածի վրա Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Դեւիդ Քեմերոնի, ֆինանսների նախկին նախարար Ջորջ Օսբորնի, ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնի եւ քաղաքական այլ գործիչների դիմանկարներով տիկնիկներ են դրել:
Այս ամենը հրդեհել են հրշեջ մոտորանավակի, մի քանի հրշեջ մեքենաների եւ ոստիկանների հսկողությամբ:
Այս ակցիան Քորը նվիրել է Sex Pistols-ի առաջին՝ «Anarchy in the UK» սինգլի թողարկման 40-ամյակին, որը լույս է տեսել 1976 թվականի նոյեմբերի 26-ին:
Այս կերպ Քորը քննադատել է «Փանք.Լոնդոն» նախագիծը՝ նվիրված այս ենթամշակույթի հոբելյանին:




























