Կոլումբիայի խորհրդարանի ներկայացուցիչների պալատը նոյեմբերի 30-ին հավանություն է տվել երկրի կառավարության եւ ապստամբների միջեւ խաղաղության համաձայնագրի կնքմանը։ Այս մասին հայտնում է ստորին պալատի թվիթերյան էջը, հայտնում է Lenta–ն։

Ավելի վաղ փաստաթուղթը հավանություն էր ստացել Սենատի կողմից։ Այսպիսով՝ համաձայնություն ընդունված է համարվում Կոնգրեսի կողմից։

Երկրի նախագահ Խուան Մանուել Սանտոսը խորհրդարանին շնորհակալություն էր հայտնել աջակցության համար։ Նրա խոսքով՝ դա պատմական իրադարձություն է, որը կոլումբիացիներին խաղաղության հույս է տալիս։

Նոր խաղաղության համաձայնությունը ստորագրվել էր նոյեմբերի 24-ին Սանտոսի եւ ապստամբների առաջնորդ Ռոդրիգո Լոնդոնյո Էչեվերրիի միջեւ։

Փաստաթուղթը ստիպված էին նորից կազմել, քանի որ երկրի բնակչությունը նախորդ տարբերակը մերժել էր։