«Հայկական ավիաուղիների» նախկին օդաչուները, որոնք հաշմանդամ են դարձել մասնագիտական պարտականությունները կատարելիս եւ պահանջում են իրենց 9 տարվա չվճարված նպաստները, հավատում են, որ նոր կառավարությունը լուծում կտա իրենց խնդրին: NEWS.am-ի հետ զրույցում օդանավի հրամանատար Սեյրան Սարգսյանը ասաց, որ վարչապետ Կարեն Կարապետյանն արդեն հանձնարարել է զբաղվել իրենց նպաստների վճարման հարցով եւ իրենք հավատում են, որ սայլը տեղից կշարժվի:

«Հավատում ենք նոր վարչապետին, արդեն հանձնարարականներ է տվել, որ մեր նպաստների հարցը լուծվի: Այսքան տարի տարբեր ակցիաներ ենք իրականացրել, պահանջել մեր նպաստները, բայց ոչ նախկին վարչապետ, ոչ նախարարը որեւէ  քայլ չարեցին, միայն խոստումներ տվեցին»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ «Հայկական ավիաուղիների» նախկին օդաչուները, որոնք հաշմանդամ են դարձել մասնագիտական պարտականությունները կատարելիս, դատարանի որոշմամբ պետք է նպաստ ստանան, սակայն, նրանց խոսքով, 2006 թվականից հետո  նրանց հասանելիք գումարները չեն տրվում:

Նախկին օդաչուները պնդում են,  որ կառավարությունը նրանց պարտք է մոտ 1 միլիարդ 200 միլիոն դրամ: