Միացյալ Նահանգները չի վարի ուրիշ երկրների «ռեժիմների եւ կառավարությունների տապալմանն» ուղղված արտաքին քաղաքականություն, հայտարարել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը:
«Մեր նպատակը կայունությունն է, ոչ թե քաոսը: Որովհետեւ մենք ցանկանում ենք մեր երկիրը վերականգնել՝ ժամանակն է»,- ընդգծել է Թրամփը: Քաղաքական գործիչն, այսպիսով, կրկնել է իր նախընտրական պնդումը, որ «ԱՄՆ-ը տրիլիոն դոլարներ է ծախսում Մերձավոր Արեւելքում պատերազմների համար, իսկ այդ ընթացքում մեր երկիրը լիակատար ավերածության մեջ է հայտնվում», փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի նոր կառավարությունը մյուս երկրների հետ իր փոխազդեցություններում մտադիր է «ամենուր, ոըտեղ դա հնարավոր է, ընդհանուր շահեր փնտրել» եւ ձգտել «աշխարհի նոր՝ փոխըմբռնման եւ բարի կամքի դարաշրջանի»:
Թրամփը նաեւ նշել է, որ ԱՄՆ-ը գործընկերություն կհաստատի ցանկացած երկրի հետ, որը պատրաստ է ԻԼԻՊ-ի եւ «արմատական իսլամական ահաբեկչության» վերացմանը:
Դոնալդ Թրամփի երդմնկալությունը տեղի կունենա 2017 թվականի հունվարի 20-ին:





























