«Բարձրագույն կրթության» մասին նոր օրինագծով փորձում ենք բեռնաթափել կրթության եւ գիտության նախարարության դերակատարությունը եւ ունենալ առավել ազատ համալսարաններ: Այս մասին այսօր` դեկտեմբերի 2-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը` ներկայացնելով նոր օրենքը:

«Պետք է պայմաններ ստեղծել համալսարանների համար, որ ներսում ունենան ժողովրդավարական համակարգ: Գիտխորհուրդները ստանալու են առավել լայն հնարավորություններ: Եթե ռեկտորն այժմ պետք է լինի եւ լավ գիտնական, եւ կառավարիչ, այսօր դա ենք փորձում բեռնաթափել»,- ասաց Լեւոն Մկրտչյանը:

Ըստ նախարարի` օրենքի ընդունմամբ, ուսանողը կարող է կրեդիտներ հավաքել հանրապետության ներսում գտնվող տարբեր բուհերում, այսինքն, այսկերպ ապահովվում է ազատ տեղաշարժը երկրի ներսում:

Նոր օրինագիծը սահմանում է նաեւ բուհերի ֆինանսավորման եղանակները. «Շատ կարեւոր է նաեւ ֆինանսավորման մեթոլոգիան: Հայաստանյան բուհերը, բացի միջազգայիններից, ունեն ֆինանսի երկու աղբյուր` 20 տոկոս բյուջեից, 80 տոկոս` ուսանողների վճարից: Սակայն եթե ուսումնասիրում ենք միջազգային փորձը, տեսնում ենք` ուսման վարձերի բյուջեն մաքսիմում 30 տոկոսն է: Այժմ մենք փորձում ենք ներդնել անձեռնմխելի ֆոնդեր, որի միջոցները սկզբում կարող են շատ քիչ լինել, սակայն հետագայում կաճեն»:

Լեւոն Մկրտչյանի խոսքով` բուհերի խորհուրդները նոր օրենքով լինելու են չքաղաքականացված, այսինքն չեն կարող լինել պետական բարձր պաշտոններ զբաղեցնող անձինք. «Սա չի նշանակում, որ այդ անձինք չեն կարող ունենալ կուսակցական պատկանելիություն»: