Հայկական կողմը պետք է տեսնի Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի հանդիպումների ընթացքում ձեռք բերված համաձայնությունների իրականացմանն ուղղված Ադրբեջանի կամքը: Դեկտեմբերի 9-ին Ազգային Ժողովի ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Նրա խոսքով՝ այդ համաձայնությունների իրականացմանը զուգահեռ բանակցությունները վերսկսելը փոքր-ինչ հարաբերական է: «Մենք բազմիցս նշել ենք, որ չենք խուսափում հանդիպումներից, բայց ԵԱՀԿ Մինսկի խումբը լուրջ աշխատանք ունի անելու: Պետք է ճիշտ գնահատականներ տրվեն, թե ով է մեղավոր, որ համաձայնությունները չեն իրականացվում: Իսկ դրանց իրականացումից հետո, կարծում են, հարցը տեղից կշարժվի, եւ մենք առաջ կընթանանք»,- նշեց Բաղդասարյանը:

Նրա կարծիքով՝ եռանախագահները չեն ուզում վնասել հետագա բանակցային գործընթացին, այդ պատճառով զգույշ են իրենց հայտարարություններում:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին եւ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Մարկ Էրոն դեկտեմբերի 8-ին հայտարարություն են ընդունել: Նրանք Երեւանին եւ Բաքվին կոչ են արել հարգել Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի համատեղ հայտարարություններում արտացոլված համաձայնությունները:

«Մենք ողջունում ենք կողմերի առաջընթացը Կամիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո անհետ կորածների մասին տվյալների փոխանակության իրականացման գործում։ Մենք կողմերին կոչ ենք անում վերացնել բոլոր մնացած խոչընդոտները ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի առաքելության ընդլայնման ճանապարհին ու հասնել առաջընթացի միջադեպերի հետաքննման ԵԱՀԿ մեխանիզմի ստեղծման մասին առաջարկության հարցում։ Առաջարկները պետք է իրականացվեն կարգավորմանն ուղղված բանակցությունների անհապաղ վերականգնման հետ միասին»,- մասնավորապես ասված է հայտարարությունում: