Ականատես ենք եղել բազմաթիվ դաշինքների, որոնք մեկ նպատակի շուրջ են ստեղծվել, սակայն դատապարտված են եղել քայքայման: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն՝ անդրադառնալով «Հանրապետություն», «Լուսավոր Հայաստան» եւ «Քաղաքացիական պայմանագիր» նորաստեղծ դաշինքին:
«Իհարկե այս դաշինքի մոտեցումը գաղափարական հենքի վրա է, հիմնված ծրագրային դրույթների համատեղությամբ: Ուրախ կլինենք, որ դա լինի երկարակյաց, եւ նրանք կարողանան միասնական ձեւով քաղաքական դաշտում իրենց դերակատարումն ունենալ»,-ասաց Բաղդասարյանը՝ հավելելով, որ նորմալ է համարում, որ դաշինքը միտված է 50+1-ի:
Անդրադառնալով Էդմոն Մարուքյանի եւ Նիկոլ Փաշինյանի ոչ վաղ անցյալի առճակատումներին եւ սկզբունքային տարաձայնություններին, Վահրամ Բաղդասարյանն ասաց. «Քաղաքականության մեջ չկան մշտական բարեկամներ եւ թշնամիներ, ամենաէականն այն է, որ նրանց դաշինք կազմելուց հետո չլինեն նման երեւույթներ, որ բաժանման հիմք հանդիսանան: Անցյալում ավելի վատ երեւույթներ են եղել տարբեր քաղաքական ուժերի միջեւ, բայց դրանք նորից դաշինք են կազմել, որը տխուր վախճան է ունեցել»,-ասաց ՀՀԿ-ականը:
Պատգամավորը դժվարացավ ասել՝ կհաջողվի դաշինքին հաղթահարել նվազագույն շեմը, թե ոչ: «Անհանգստացնող մի խնդիր կա, որ դեռ չեն կողմնորոշվել դաշինքով թե կուսակցությունով, այսինքն՝ 5-7 տոկոսի համար են պայքարում»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն», «Քաղաքացիկան պայմանագիր» կուսակցությունները հուշագիր են ստորագրել, որով որոշել են, որ 2017-ի խորհրդարանական ընտրություններում հանդես կգան դաշինքով: Բացի այդ, այդ ուժերը համատեղ գործունեության արդունքում կսկսեն բանակցություններ, միասնական կուսակցություն ստեղծելու շուրջ:





























