2016-ը ԵՄ համար ճգնաժամային տարի էր, արձանագրում է Focus–ը։ Հիմա ԵՄ 28 պետությունների ու կառավարությունների ղեկավարները հեռացող տարվա վերջին գագաթնաժողովում ուզում են եւս մեկ անգամ ցուցադրել միության կենսունակությունը։ «Բայց արդյո՞ք դեռ հնարավոր է կանգնեցնել ԵՄ-ի պառակտումը»- հարցնում է հոդվածագիր Մարտինա Ֆիթցը, խոստովանելով, որ այսօր ԵՄ-ն անհուսալի վիճակում է ու այնքան թուլացած, որ դրա գոյատեւումն ամենեւին էլ երաշխավորված չէ։
«Այն ինչ ի սկզբանե մտածված էր որպես խաղաղության երաշխիքի մոդել, ամենաշատն է տուժել չափն անցնող բյուրոկրատիայի և նախեւառաջ ազգային շահերի պատճառով աճող հակասությունների հետեւանքով։ Եվրոպան խրվել է ծանր ճգնաժամում հենց այն պահին, երբ այն,ինչպես երբեք, պետք է ժողովրդավարության ու ազատության պաշտպանության համար», -մեկնաբանում է լրագրողը։
Եվրոպական միասնականությանը ամենածանր հարվածներից մեկը հասցրեց «Բրեքսիթը»։ «Բրիտանացիների հետ միասին ԵՄ-ն զրկվում է մեծությամբ երկրորդ տնտեսությունից ու ՄԱԿ-ում դիվանագիտական ծանրաքաշից։ Գերմանիան այսուհետ կմնա առանց իր կարեւորագոււյն դաշնակիցներից մեկի՝ շուկայական տնտեսության համար պայքարում»,- ասվում է հոդվածում։
Բացի դրանից ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու մասին անխուսափելիորեն ծանր բանակցություններում, շատերի կարծիքով, կարեւոր է լինելու բուն ԵՄ-ի պահպանումը։ Կա սպառնալիք, որ Բրիտանիայի օրինակին կարող են հետեւել նաեւ այլ երկրներ, ինչից ԵՄ հիմքերը վերջնականապես կսասանվեն, նշում է հեղինակը։
«ԵՄ տրոհման սպառնալիք դեռ կա։ Աջ պոպուլիստները, օրինակ Նիդեռլանդներում կամ Ֆրանսիայում, նույնպես պահանջում են դուրս գալ ԵՄ-ից։ Մարտին Նիդեռլանդներում ընտրություններ են, ու ըստ հարցումների, ամենաշատ շանսերն ունի Ազատության աջպոպուլիստական կուսակցությունը։ Ֆրանսիայում Մարին Լե Պենը՝ իր Ազգային ճակատի հետ միասին ունի ընտրությունների առնվազն երկրորդ փուլին հասնելու բոլոր շանսերը»,- գրում է լրագրողը։
Եվրաթերահավատությունն օտար չէ նաեւ Ավստրիային՝ չնայած Ավստրիական ազատության կուսակցությունը պարտվել է ընտրություններում, սակայն դրա առաջնորդ Հայնց Քրիստիան Շտրախերը մտադիր է դաշնային կանցլեր ընտրվել։ «Իտալիա, Հունգարիա ու Լեհաստան՝ ամենուրեք քաղաքական կենտրոնի եվրոպամետ ուժերը զիջում են այն կուսակցություններին, որոնք Բրյուսելին են մեղադրում ԵՄ բոլոր դժվարությունների մեջ։ Գերմանիայում նույնպես այդ միտումը կարող է ուժգնանալ խորհրդարանական գալիք ընտրությունների ֆոնին»,- վստահ է լրագրողը։
ԵՄ ներքին համախմբվածության ամենամեծ մարտահրավերն անցած տարի դարձավ միգրանտների հոսքը, ասվում է հոդվածում։ «2015-ի աշնանը Մերկելը մեծ սխալ գործեց՝ հույս ունենալով, որ կկարողանա օգնել պատերազմից ու աղքատությունից բոլոր փախչողներին։ ԵՄ երկրներում փախստականների բաշխումը այդպես էլ մնաց չիրականացված նախագիծ։ Այս գործընթացն արգելակեցին Լեհաստանը, Չեխիան, Հունգարիան ու Սլովակիան։ Եվրոպայում ձայներանգը հետզհետո կոպտանում է ՝ արդեն քննարկվում է պատժամիջոցների հնարավորությունը նրանց դեմ, ովքեր հրաժարվում են ընդունել փախստականներին»,- հայտնում է հոդվածը։
Լրացուցիչ դժվարություններ կարող են առաջանալ նաեւ, եթե Թուրքիան խզի ԵՄ-ի հետ միգրացիոն համաձայնագիրը, հավելում է հեղինակը։
Իրավիճակը բարդանում է նաեւ Ֆրանսիայում, Բելգիայում ու Գերմանիայում իսլամականների կազմակերպած ահաբեկչությունների պատճառով։
Եվրոպան շարունակում են պառակտել նաեւ տնտեսական ու պարտային ճգնաժամի հետեւանքները։ «Սակայն ԵՄ ամենամեծ խնդիրը անհետացող վստահությունն է,- ամփոփում է Մարտինա Ֆիթցը,-Շատ երկրների համար Եվրոպան այլեւս ինքնըստինքյան ենթադրվող մի բան չէ, նրանք այլեւս իրենց ապագայի հույսերը ու խնդիրների լուծումը Եվրոպայի հետ չեն կապակցում, ու հենց Եվրոպա՛ն են համարում այդ խնդիրներից մեկը»։





























