«Մեկ Չինաստան» սկզբունքը պահպանելը չին-ամերիկյան հարաբերությունների զարգացման հիմքն է ու Թաիվանյան նեղուցի տարածաշրջանում կայունության ու խաղաղության պահպանման ակյունաքարը, ասել է Չինաստանի պետխորհրդի գրասենյակի Թաիվանի գործերով պաշտոնական ներկայացուցիչ Ան Ֆենշանը, փոխանցում է «Սինհուան»։
«Թաիվանի հարցը վերաբերում է Չինաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը եւ ազդում չինական կողմի առանցքային շահերի վրա»
,- շեշտել է նա՝ մեկնաբանելով ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի արտահայտությունները «միասնական Չինաստան» սկզբունքի վերաբերյալ։
«Եթե ԱՄՆ-ի հետ երկկողմանի հարաբերությունների քաղաքական հիմքը խախտվի, ապա չին-ամերիկյան փոխհարաբերությունների առողջ ու կայուն զարգացման մասին խոսք լինել չի կարող։ Դա լուրջ հարված կլինի նաեւ Թաիվանի նեղուցի ափերի միջեւ խաղաղությանն ու կայունությանը»։
Լրագրողների խնդրանքով պատասխանելով այն հաղորդագրություններին, որ ԱՄՆ սենատն ու ներկայացուցիչների պալատն օրերս հաստատել են ազգային պաշտպանության մասին օրենքը 2017 ֆինանսական տարվա համար, որում առաջին անգամ ներառվել է դրույթ, որը նախատեսում է Թաիվանի հետ բարձր մակարդակի վրա ռազմական կապերի զարգացում, Ան Ֆենշանը վճռականորեն դեմ է արտահայտվել, որ երկրները, որոնց հետ Չինաստանը դիվանագիտական հարաբերություններ ունի, որեւէ պաշտոնական կամ ռազմական կապ պահպանեն Թաիվանի հետ։ «Մեր դիրքորոշումն այս հարցի շուրջ հստակ ու անփոփոխ է մնում»,- արձանագրել է նա։
Հիշեցնենք, որ Թրամփը վերջերս իր հարցազրույցներից մեկում ասել էր, որ չի հասկանում, թե ինչու պետք է ԱՄՆ-ն պարտադիր հետեւի «մեկ Չինաստան» քաղաքականությանը, եթե իհարկե Չինաստանն ու ԱՄՆ-ն չկնքեն համապատասխան համաձայնագիր, որը կվերաբերի առեւտրի ու այլ հարցերին։





























