ԱՄՆ իշխանությունները չեն երկարացնի Ֆիլիպիններին հատկացվող ֆինանսական օգնությունը, երկրի նախագահ Ռոդրիգո Դուտերտեի քաղաքականության կապակցությամբ ունեցած մտավախությունների պատճառով, գրում է Independent–ը։

Ֆիլիպիններում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչները հայտնել են, որ կան «զգալի մտավախություններ երկրում քաղաքացիական ազատությունների խախտումների դեպքերի առթիվ» ու հաստատել են, որ առաջիկա հինգ տարվա համար ֆինանսական օգնությունը չեղարկվելու է։

430 մլն դոլարի չափով այս դրամաշնորհը  տրամադրվում է այն երկրներին, որոնք «ցույց են տալիս իրենց հավատարմությունը արդարացի ու ժողովրդավարական կառավարմանը, նաեւ ներդնում են գումարներ ժողովրդի բարեկեցությունը բարելավելու համար»։ Այդ միջոցները ուղղվում են անբարեկեցիկ շրջաններում կենսապայմանների բարելավման համար։

«Մենք կշարունակենք հետեւել իրադարձությունների զարգացմանը Ֆիլիպիններում»,- հայտնել են դեսպանատան ներկայացուցիչները։

ԱՄՆ-ն բացահայտորեն քննադատում էր երկրում թմրանյութերի շրջանառության դեմ պայքարի շրջանակում Դուտերտեի գործողությունները։