Ապրիլյան պատերազմի ընթացքում Ջրակնում (Ջեբրայիլ) զոհված հրազդանցի տանկիստ Վահե Զաքարյանի հիշատակին հարգանքի յուրօրինակ տուրք է մատուցել Հրազդանի 24-ամյա բնակիչ Արսեն Պետրոսյանը: Նա Վահեի դպրոցի պատին նկարել է Վահեի դիմանկարը:
Մասնագիտությամբ արևելագետ Արսենը NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ ինքը նկարիչ չէ, նկարելը պարզապես հոբբի է:
«Վահեին մոտիկից չեմ ճանաչել, բայց որպես թաղամասի տղա նա միշտ աչքի է ընկել իր չափազանց համեստ կերպարով ու միշտ ժպտադեմ հայացքով: Գիտեի, որ տանկիստ է, նաև ուժեղ կարատեիստ: Մեկ անգամ եմ նրա հետ զրուցել: Ես նոր էի բանակից եկել, ինքն էլ արձակուրդ էր եկել ու պիտի հաջորդ օրը հետ գնար: Բարևեցի, հարցրեց` ինչպես է ծառայությունը ու վերջ….»,- պատմեց Արսենը:
Կարճ զրույցը Արսենի մոտ տպավորել էր, շատ ծանր է տարել Վահեի զոհվելու լուրը: Վահեի դիմանակարը հարազատ դպրոցի պատին նկարելու միտքը նրա մոտ ծնվել է, երբ Վահեի ծննդյան օրը նրա հիշատակին նվիրված դպրոցական ցերեկույթին չի կարողացել ներկա գտնվել: Դրանից հետո անհանգիստ էր, կարծես ինչ-որ բան կիսատ է թողել: Որոշել է ու մեկ օրվա մեջ ընկերոջ` Դավիթ Հայրիյանի օգնությամբ ավարտել նկարը:
«Ես նկարով ուզեցի իմ հարգանքի տուրքը մատուցել հերոսին, ժպտացող նկարեցի, որովհետև ինքը լուսավոր տղա էր,ուզում էի, որ մեր բոլորի հուշերում ինքը ժպիտով մնա»,- ասաց Արսենը:
20-ամյա Վահե Զաքարյանը զոհվել էր քառօրյա պատերազմի օրերին, երբ հակառակորդը պայթեցրել էր նրանց տանկը: Վահե Զաքարյանը Ֆիզկուլտուրայի ինստիտուտի ուսանող էր:
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)





























