Ժամեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Վանաձորում: Լոռիում NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել հրազենային վիրավորումով մոտ 25 տարեկան երիտասարդ` պարանոցի շրջանում հրազենային վիրավորումով:

Հիվանդանոց ընդունվելու պահին նրա վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր: Թե որտեղ է կատարվել դեպքը և ինչպես է երիտասարդ տղան ստացել վիրավորումը՝ հայտնի չէ:

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ տղային հիվանդանոց են տեղափոխել պատգարակով՝ հիվանդանոցին մոտ գտնվող խանութների  մոտակայքից:

Հիվանդանոցից կատարվածի մասին ահազանգել են ոստիկանության Տարոնի բաժին: Ոստիկաններն այժմ աշխատանքներ են կատարում դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Կատարվածը սպանության փորձ է, թե ինքնասպանության փորձ՝ առայժմ հայտնի չէ: