Անկարայում սպանված Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի դին հայրենիք կտեղափոխվի երեքշաբթի, օդանավակայանում սգո արարողությանը կմասնակցի Թուրքիայի բարձրագույն ղեկավարությունը: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Անկարայում Ռուսաստանի դեսպանատան մամուլի ատաշե Իրինա Կասիմովան:

Թուրքիայում Ռուսաստանի դեսպանի վրա հարձակումն իրականացվել է Անկարայում՝ երկուշաբթի երեկոյան: ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ Կարլովը հրազենային վիրավորումը ստացել է հրապարակային միջոցառման ժամանակ, որի հետեւանքով հետո մահացել է: Ռուսաստանի արտաքին քաղաքականության գերատեսչությունը կատարվածը ահաբեկչական հարձակում է որակել:

«Այսօր օդանավակայանում Թուրքիայի բարձրագույն ղեկավարության եւ դիվանագետների մասնակցությամբ տեղի կունենա սգո արարողություն: Այնուհետեւ դեսպանին՝ այրու, դեսպանատան բժշկի եւ Արտակարգ իրավիճակների նախարարության հոգեբանի ուղեկցությամբ կտեղափոխեն հայրենիք»,- ասել է գործակալության զրուցակիցը՝ հավելելով, որ Ռուսաստանում քննչական խումբ է ստեղծվել, որը երեքշաբթի Անկարա կժամանի եւ մի քանի օր շարունակ կաշխատի թուրք գործընկերների հետ:

Դիվանագետն ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կարգադրության համաձայն դեսպանատունն իր առաջարկները կներկայացնի Կառլովին պետական պարգեւի արժանացնելու եւ նրա հիշատակը հավերժացնելու համար:

«Մենք կարծում ենք, որ հարձակումը սադրանք է՝ ուղղված երկկողմանի հարաբերությունների կարգավորման տապալմանը, մեծապես այն նպատակով, որպեսզի խոչընդոտեն Սիրիայում ահաբեկչության դեմ արդյունավետ պայքարին»,- ընդգծել է Կասիմովան:

Նրա խոսքով՝ ներկայում դեսպանատան հսկողությունն ուժեղացվել է: