Քառօրյա պատերազմում վիրավորված ժամկետային զինծառայող Ավետիս Զարգարյանը հնարավոր է` առաջիկայում բուժումը շարունակի Մոսկվայում: Այս մասին NEWS.am-ին ասաց նրա մայրը՝ տիկին Սոնյան` նշելով, որ նման հարց է քննարկվում Պաշտպանության նախարարությունում:
«Սպասողական վիճակում ենք, Ավետիսը ծնոտի բարդ վիրահատությունից հետո վերականգնվում է: Մեզ ասել են` կարող է Մոսկվա տեղափոխեն, այդ տարբերակը քննարկման փուլում է»,- ասաց Ավետիսի մայրը:
Նշենք, որ ի սկզբանե նախատեսվում էր, որ Ավետիս Զարգարյանի ծնոտի պլաստիկ վիրահատությունը պետք է կատարվեր Հնդկաստանում, որտեղ նա մեկնելու էր վերականգնողական բուժում ստանալու: Սակայն առ այսօր որեւէ բան հստակեցված չէ, քանի որ Պաշտպանության նախարարությունը ինքնաթիռ չի գտնում:
Հիշեցնենք, որ Պաշտպանության բանակի N զորամասի նախկին պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ավետիս Զարգարյանը հակառակորդի կողմից ապրիլի 4-ին ստացել է համակցված ողնաշար-ողնուղեղային կույր հրազենային վիրավորում եւ հաջորդ օրն ուղղաթիռով տեղափոխվել ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Վիրավորման հետեւանքով առաջացել է ողնուղեղի պարանոցային եւ կրծքային հատվածի ծանր աստիճանի սալջարդ-ջնջխում:
Ավետիս Զարգարյանը Ռուսաստանից էր եկել՝ ծառայության մեկնելու նպատակով:




























