Տեղի է ունեցել Եվրոպական դպրոցների Իթվինինգ ծրագրի ամփոփիչ համաժողովը, որի ընթացքում ներկայացվել է ծրագրի ընթացքը, մասնավորապես  2016 թ. կատարված աշխատանքները,  ինչպես նաեւ նախանշվել են  2017-18 թվականների զարգացման հիմնական ուղղությունները:

Համաժողովի ընթացքում տեղի ունեցած  Որակի ազգային մրցանակաբաշխության արարողության ժամանակ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության անունից հավաստագրեր եւ մրցանակներ  են հանձնվել 2016թ․ ընթացքում Իթվինինգ ծրագրին լավագույն մասնակցություն ունեցած ուսուցիչներին եւ դպրոցներին։

Միջոցառմանը մասնակցել եւ ողջույնի խոսք է ասել ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը. «Այս կարգի ծրագրերի  ներմուծումը կրթական համակարգ ժամանակի պահանջ են: 21-րդ դարում այլ ճանապարհ, քան շարժվել գիտատեխնիկական աներեւակայելի զարգացմանը համաքայլ, չունենք: Մարդկության բոլոր նոր հայտնագործությունները,սկսած  կարեւոր հնագույն գյուտից՝ կրակի հայտնաբերումից ունեցել են երկակի կիրառություն: Գիտության եւ տեխնիկայի զարգացման ընթացքում մենք անընդհատ ստանում ենք նորագույն միջոցներ, որոնք իրենց կարեւորությամբ եւ արդյունավետությամբ կարող են համեմատվել կրակի գյուտի հետ՝ դրա հնարավոր դրական եւ բացասական հետեւանքներով: Համացանցի հնարավորության եւ ՏՀՏ միջոցների ներմուծումը կրթական համակարգ  բեկումնային իրադարձություն է, որը հիմնովին փոխում է գիտելիք ստանալու վերաբերյալ մեր ավանդական պատկերացումները: Կրթական համակարգի խնդիրն է վերահսկել եւ ուղղորդել կրթական համակարգ  հորդացող տեղեկատվական եւ տեխնոլոգիական հեղեղը, որպեսզի  կարողանանք օգտագործել այդ ալիքի  մեծ ուժը՝ դրանից ստանալով արդյունք»,- նշել է ԿԳ նախարարի տեղակալը:

ԿԳՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանն իր խոսքում նշել է, որ Հայաստանի դպրոցների գործնական մասնակցությունը Իթվինինգ ծրագրին սկսվել է 2013թ. սկզբից, շուրջ 2.5 տարվա նախապատրաստական աշխատանքներից հետո. «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում ստեղծվել է «Իթվինինգ Պլյուս» ծրագրի հայաստանյան «Աջակցող գործընկեր գործակալությունը» (ԱԳԳ)։ Հայաստանի դպրոցների մասնակցությունը Իթվինինգ ծրագրին նպաստում է դպրոցական համագործակցության ընդլայնմանը, ուսուցիչների եւ աշակերտների օտար լեզուների իմացությանը, տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ու թիմային աշխատանքի հմտությունների զարգացմանը, նոր եւ ստեղծագործական մեթոդներով կրթության իրականացմանը»,- նշել է Ա.  Պողոսյանը:

2014-2016թթ․ Հայաստանում կազմակերպվել է 3 միջազգային հանդիպում, որոնց մասնակցել են Եվրոպական տարբեր երկրների եւ Հայաստանի հարյուրավոր ուսուցիչներ եւ աջակցման ծառայությունների ներկայացուցիչներ։

Գործում են eTwinning ծրագրի մասին տեղեկատվություն ապահովող http://etwinningplus.armedu.am կայքը եւ  https://www.facebook.com/eTwinningArmenia/  ֆեյսբուքյան էջը։Ներկայումս Իթվինինգ ծրագրին մասնակցում են Հայաստանի 76 դպրոցներ եւ 305 ուսուցիչներ, որոնք ներգրավվել են առնվազն մեկ իթվինինգ նախագծում: Նախատեսվում է ընդարձակել Իթվինինգի շրջանակները՝ այն աստիճանաբար հասանելի դարձնելով բոլոր դպրոցների եւ ուսուցիչների համար։

eTwinning –ը եվրոպական դպրոցների էլեկտրոնային համագործակցության համայնք է, որտեղ մասնակից երկրների ուսուցիչները եւ սովորողները, ինչպես անհատապես, այնպես էլ խմբերով կարող են գրանցվել եւ օգտվել Իթվինինգի առցանց գործիքներից, վիրտուալ միջավայրում հանդիպել միմյանց, իրականացնել գաղափարների եւ առաջավոր փորձի փոխանակում, ձեռք բերել թիմային աշխատանքի հմտություններ, զարգացնել օտար լեզուների եւ համակարգչային գիտելիքների իմացությունը, իրականացնել ուսումնական եւ այլ կրթական առցանց ծրագրեր։