Ազգային ժողովում ՀՀ նախագահի նախկին ներկայացուցիչ, «Երրորդ հանրապետություն» կուսակցության ղեկավար Վիկտոր Դալլաքյանը համոզված է, որ դեռեւս մի քանի ամիս առաջ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած  Սեյրան  Օհանյանը պատասխանատվություն չի կրում երկրում ստեղծված ծանրագույն վիճակի համար։ Այս մասին Դալլաքյանը հայտարարեց կուսակցության համագումարից հետո հրավիրված ասուլիսում՝  պատասխանելով NEWS.am-ի հարցին, թե արդյոք  հակաիշխանական ճամբարում հանգրվանող Սեյրան Օհանյանը  իր պաշտոնավարած ութ տարվա  ընթացքում չի նպաստել այդ ծայրահեղ ծանր վիճակին։ 

«Ինչ վերաբերում է, թե Օհանյանը իր գործունեության ընթացքում ինչ քայլեր է իրականացրել Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, այդ հարցերը կարող եք ուղղել պարոն Օհանյանին։ Հայաստանի իրավիճակի գնահատականը տվել է գործող վարչապետը, երբ նշանակվելուց հետո հայտարարեց, որ  Հայաստանի տնտեսությունը գտնվում է ծայրաստիճան ծանր վիճակում, եւ դա նշանակում է, որ սա Սերժ Սարգսյանի գործունեության ութ տարվա գնահատականն է․․․․Երկրում ստեղծված ծանր իրավիճակի համար որեւէ պատասխանատվություն չի կրում Սեյրան Օհանյանը»,-ասաց Դալլաքյանը:

Պաշտպանության նախկին նախարարի ութ տարվա գործունեության մեջ մեղքեր չտեսնող Դալլաքյանը հրաժարվեց պատասխանել հարցին, թե գիտի՞ արդյոք՝ որտեղից Սեյրան Օհանյանին Վահագնի թաղամասում գտնվող դղյակը։

Վիկտոր Դալլաքյանը հայտարարեց, թե ապրիլյան պատերազմում նույնպես գործող նախարար Սեյրան Օհանյանը բացարաձակապես մեղք չի ունեցել։ 

Նա  բացառեց, որ  պաշտպանության նախկին նախարարի հետ համագործակցությունը որեւէ փուլում կարող է խաթարվել. «Կարծում եմ, որ մեր համագործակցությունը ոչ միայն կշարունակվի, այլեւ կխորանա եւ առաջիկայում ականատեսը կլինեք»:

Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի հետ հնարավոր համագործակցությանը, Վիկտոր Դալլաքյանն ասաց, որ երբ Գագիկ Ծառուկյանը կհայտարարի քաղաքականություն վերադառնալու մասին, այդ ժամանակ ինքն  էլ համապատասխան հայտարարությամբ հանդես կգա։