Ապրիլյան պատերազմում զոհված պայմանագրային զինծառայող, 33-ամյա շարքային Հրաչյա Մուրադյանի տան յուրաքանչյու անկյունում նրա լուսնկարներն են: Հրաչյայի կինն ու նրա երեք երեխաներն առաջին անգամ է, որ Նոր տարին դիմավորել են առանց նրա…Տիկին Աննան ասում է` ամուսնուց կարոտն առնելու, նրա ներկայությունը զգալու միակ տարբերակը տունը նրա լուսանկարներով «լուսավորելն» է:

Հրաչյայի կինը` տիկին Աննան,  այդպես էլ չի կարողանում իր ամուսնու մահվան հետ համակերպվել. կյանքը շարունակելու միակ իմաստը երեխաներն են եւ նրանց համար Հրաչյայի երազած արժանապատիվ ապագան ապահովելը: Ճակատում ամուսնու զոհվելուց հետո Երեւանում երկար տարիներ վարձով բնակվող ընտանիքին պետությունը տուն է տվել եւ Մուրադյանները առաջին անգամ Ամանորը դիմավորել են սեփական տանիքի տակ` առանց ամենահարազատի…

«Նոր տուն ունենք, բայց առանց Հրաչյայի այլեւս ոչ մի բան չի կարող մեզ ուրախացնել: Պետությունը թոշակ է նշանակել, այժմ դրանով ենք ապրում: Շուտով աշխատանք կփնտրեմ, հուսամ` կգտնեմ: Մասնագիտությամբ արեւելագետ եմ, բայց այդ մասնագիտությամբ աշխատանք գտնելն այնքան էլ հեշտ չէ, կփորձեմ այլ աշխատանք գտնել եւ շարունակել ապրել…»:

Հրաչյա Մուրադյանը զոհվել է ապրիլի 7-ի լույս 8-ի գիշերը, երբ հակառակորդի գնդակից վիրավորված ընկերոջն է օգնելիս եղել:

Վերջին բանը, որ հասցրել է անել, ապրիլի 7–ին մոր տոնը շնորհավորելն էր։ Հավատացրել է, թե դիրքերում չէ, զորավարժությունների է մասնակցում։ Թեժ մարտերի մասին ոչինչ չի պատմել։ Իսկ մինչ այդ նրան տանն էին սպասում. Ապրիլի 1-ին նա պետք է դիրքերից իջներ, հետո վերադառնար տուն:

Հրաչյայի մեծ դուստրը 8 տարեկան է, փոքրը որդին ՝  2,5 տարեկան։