Վրաստանի Սահմանադրական դատարանն ապօրինի է ճանաչել մարիխուանա օգտագործելու, պահելու եւ անձնական օգտագործման նպատակով ձեռք բերելու համար բանտային պատիժը եւ վերացրել է Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածը: «Sputnik-Գրուզիա»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է դատարանի կայքում:
Հայցի նախաձեռնողը Վրաստանի ժողովրդական պաշտպանն է: Նա իր պահանջը հիմնավորել է այն հանգամանքով, որ մարիխուանա օգտագործողների համար բանտային պատիժը չափազանց խիստ է: 2016-ի հոկտեմբերին Վրաստանի ՍԴ-ն վերացրել է Քրեական օրենսգրքի այն նորմը, որը վերաբերում էր 70 գրամից ոչ ավելի մարիխուանայի օգտագործման համար բանտարկությանը:
Դատարանը կշարունակի քննարկել նաեւ այլ թմրանյութերը կրկնակի օգտագործելու, ձեռք բերելու, պահելու եւ անձնական օգտագործման նպատակով պատրաստելու համար բանտային պատժի ՔՕ նորմը հակասահմանադրական ճանաչելու հարցը: Թմրանյութերի օգտագործումը Վրաստանում վարչական պատժի է ենթակա, եթե խախտողին առաջին անգամ են բռնում, եւ քրեական, եթե փաստը կրկնակի արձանագրվի: