Ջավախքցին, անտեսելով իր բազմաթիվ հոգսերն ու խնդիրները, Ամանորին սպասում ու նախապատրաստվում է մեծ սիրով: Տոնական օրերին այստեղ մոռանում են բազմաթիվ խնդիրներն ու բարձր տրամադրությամբ դիմավորում Նոր Տարին՝ հավատալով, որ հաջողությունն եւ բարին կգերակայեն գալիք տարվա ամբողջ ընթացքում: Ջավախքցին մեծ հավատով է մոտենում այս տոնին եւ բազմաթից հույսեր կապում գալիք տարվա հետ: Հենց այդ պատճառով է, որ այս տոնի նախապատրաստման եւ տոնելու հետ կապված բազմաթից սովորություններ ունեն:
Ամենակարեւոր սովորույթներից է Ամանորին ընդառաջ «մաքրագործման» արարողությունը. մաքրում են տունը, բակը, գոմը, որին մասնակցում են ընտանիքի բոլոր անդամները: Տարեմուտից առաջ ամբողջ տունը մաքրվում է եւ թարմացվում. Տան եւ բակի մաքրությունը խորհրդանշում է նոր եւ մաքուր սկիզբ, որտեղ պետք է ձեւավորվի եւ սկսվի նոր տարին:
Հետո տանտիկինն սկսում է պատրաստել տոնական սեղանի ուտեստները: Սեղանը պետք է լինի առատ եւ նրա վրա պետք է լինի կլոր գաթա, փախլավա, դոլմա, խաշած ձուկ, խոզի, հավի, բադի խորոված, տարբեր աղցաններ եւ քաղցրավենիք: Ամանորի գիշերը երեխաների ամենասիրած ժամանակահատվածն է. այդ գիշեր բոլորի տան բակերը պետք է լուսավորված լինեն եւ դարպասներն էլ բաց, որպեսզի երեխաները չվախենան եւ գնան Сеем, сеем, посеваем-ի:
Դիմակավորված երեխաները խմբերով շրջում են տնից տուն եւ բարեմաղթանքներ ասելով՝ իրենց պարկերի մեջ հավաքում հատուկ այդ նպատակով նախապատրաստված ընդեղենը, չամիչը, կոնֆետներն ու մրգերը, իսկ ամենաշռայլները նրանց անգամ գումար են տալիս: Փոխարենը նվերներ ստացած երեխաները տան շեմին ցորեն են լցնում` մաղթելով առատ եւ հաջողակ տարի: Կարեւոր եւ չմոռացվող սովորույթներից է տարեմուտի գիշերը կլոր գաթան կտրելը (Տարին): Գաթայի մեջ տանտիկինը մետաղադրամ է դնում. կեսգիշերին այն կտրում են եւ ընտանիքի յուրաքանչյուր անդամ ստանում է տարվա իր բաժինը:
Ընտանիքի այն անդամը, որին բաժին է հասնում մետաղադրամով կտորը, համարվում է գալիք տարվա ամենահաջողակը:
Հունվարի մեկից սկսած՝ մինչեւ Հին Նոր տարի` հունվարի 13-ը, բնակիչները սկսում են շրջել տնից տուն եւ իրենց հարեւաններին ու բարեկամներին նվերներ տալ ու տոնական սեղանի շուրջ բարեմաղթանքներ ասել: Իսկ, նրանք, որոնք նախորդ տարվա ընթացքում կորցրել են հարազատ մարդու, հյուր չեն գնում. հունվարի 1-ին նրանք միայն այցելության են գնում այն հարազատի գերեզմանին, որին կորցրել են:
Ջավախքցու համար շատ կարեւոր է նաեւ, թե Ամանորին իր առաջին հյուրն ով է լինելու. եթե հյուրը բարի ու հաջողակ մարդ է, ապա նա իր հետ ամբողջ տարվա համար բերում է բարություն ու հաջողություն: Սակայն, ինչքան էլ որ առաջին հյուրն անցանկալի է լինում, նրան ընդունում են ջերմությամբ եւ ճանապարհում ակնկալիքով, որ գալիք Նոր տարվա առաջին հյուրն այլեւս նա չի լինելու…




























