Արտակարգ իրավիճակների նախարարությունն ուժեղացված աշխատանքային ռեժիմով է գործելու տոնական օրերին: Այս կապակցությամբ այսօր` դեկտեմբերի 26-ին, տեղի է ունեցել խորհրդակցություն, որը վարել է ԱԻ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հայկարամ Մխիթարյանը:
Հ. Մխիթարյանը հանձնարարել է աշխատակազմին եւ Փրկարար ծառայության տնօրենին պատշաճ կերպով նախապատրաստվել տոնական օրերին, խիստ հսկողություն սահմանել ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ՝ մարզերում՝ ուշադրության կենտրոնում պահելով ճանապարհներին արգելափակված քաղաքացիներին:
Այսօր արդեն մարզերում տեղադրված ժամանակավոր հենակետերը սկսելու են իրենց աշխատանքը: Այդ շարժական հենակետերում փրկարարները շուրջօրյա ծառայություն են իրականացնում, ձյան մեջ արգելափակված քաղաքացիներին հրատապ օգնություն ցուցաբերում՝ տրամադրելով տաք սնունդ եւ առաջին բուժօգնություն:
Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանը զեկուցել է շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ձեռնարկված միջոցառումների եւ ընթացիկ աշխատանքների մասին: Տնօրենի փոխանցմամբ՝ փրկարար ծառայությունը դեկտեմբերի 29-ից աշխատելու է ուժեղացված ռեժիմով՝ իրականացնելով շուրջօրյա հերթապահություն:
Պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության պետ Ա. Մկրտչյանը եւս նշել է, որ համապատասխան աշխատանքներ են տարվում՝ տոնական օրերն անվտանգ անցկացնելու նպատակով:



























