Ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին դպրոցի ճանապարհին «Գրադից» վիրավորված 12-ամյա Վարդան Անդրեասյանը դեռեւս հենակներով է քայլում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին Վարդանի հարազատները:

Հենակները, սակայն, տղային չեն խանգարում դպրոց այցելել. Վարդանին հայրն է ամեն օր մեքենայով դասի տանում: Նշենք, որ Վարդանը վիրավորվել էր հենց դպրոցի բակում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 «Գրադ» կայանքից հրթիռահրետակոծվել էր Մարտունու Զորական գյուղի դպրոցը։ 12-ամյա Վաղինակ Գրիգորյանը սպանվել էր, իսկ նրա եղբայրը՝ 15-ամյա Գեւորգ Գրիգորյանը եւ ընկերը՝ 12-ամյա Վարդան Անդրեասյանը վիրավորվել էին:

Նրանք տեղափոխվել էին ԼՂՀ առողջապահության նախարարության «Արեւիկ» մանկական բուժմիավորում Վարդան Անդրեասյանը՝ աջ ազդրոսկրի բազմաբեկորային վնասվածքով եւ Գեւորգ Գրիգորյանը աջ ազդրի փափուկ հյուսվածքների վնասվածքով: