Երեւան քաղաքի կանաչ տնկարկները 2015թ. կազմել են 6758.5 հա: Յուրաքանչյուր բնակչին բաժին ընկնող կանաչ տարածքը կազմել է 7,6 քմ, որը դեռեւս զիջում է միջազգային նորմերին, հաղորդում է «ԷկոԼուրը»:
Համաձայն Համաշխարհային առողջապահության կազմակերպության՝ նվազագույն առողջ միջավայր ապահովելու համար անհրաժեշտ է մեկ բնակչին բաժին ընկնող առնվազն 9 քմ կանաչ տարածք, իսկ ցանկալի, օպտիմալ մակարդակը համարվում է 50 քմ/մարդ:
Այս մասին նշված է Երեւանի կանաչ քաղաքի գործողությունների ծրագրի նախնական ռազմավարական գնահատման հայտում, որը ներկայացված է բնապահպանական փորձաքննության:
Մինչեւ 2020 թվականը նախատեսվում է Երեւանում 1300 հեկտարով ավելացնել կանաչ տարածքները։ Կանաչապատման մեծածավալ աշխատանքներ նախատեսված են Դալմայի այգիներում՝ 256 հեկտար, ինչպես նաեւ Հրազդանի կիրճում։ Նոր կանաչ տարածքներ են նախատեսվում ստեղծել Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա, Դավթաշեն վարչական շրջաններում։





























