2016 թվականի ամենամեծ ձեռքբերումը ապրիլյան պատերազմի օրերին ձեռք բերված համախմբումն էր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Աժ փոխոխսնակ, ՀՀԿ-ական պատգամավոր Էդուարդ Շարմազանովը:
«Աննախադեպ կոնսոլիդացիա էր իշխանության, ընդդիմության ու հասարակության միջեւ: Մենք կարողացանք դառնալ մեկ մարմին, իշխանություն եւ ընդդիմություն լինել մեկ խրամատ, ինչը կարեւոր դաս էր մեր հակառակորդի համար: Ես դրական ձեռքբերում եմ համարում Լեւոն Տեր-Պետրոսյանի կոչը, երբ որ նա գնաց Արցախ եւ հանդիպեց նախագահ Բակո Սահակյանին, դրական քայլ եմ համարում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: Սա պետական գործիչների աննախադեպ քայլ էր հանուն պետականության, որ մի կողմ դրեցին անձնական տարաձայնությունները եւ ցույց տվեցին, որ հայրենքի շահը վեր է ամեն ինչից»,-ասաց Շարմազանովը:
ԱԺ փոխխոսնակի թվարկած ձեռքբերումների մեջ էր նաեւ նոր Ընտրական օրենսգիրքը, որն ընդունվեց ընդդիմության եւ իշխանության համատեղ աշխատանի արդյունքում:
Ըստ նրա` անցած տարին մարտահրավերների տարի էր, իսկ թե ինչպես դիմակայեց այդ մարտահրավերներին իշխանությունը նա թողեց ժողովրդի քվեի դատին:
Նա չշրջանցեց նաեւ սնկի պես աճող քաղաքական ուժերին ու միավորումներին:
«Հիմա մենք տեսնում ենք, որ Հայաստանում մի տենդենց է սկսվել, որ ով որ պաշտոնից հեռանում է, փորձում է նոր ռեսթարթ լինել ընդդիմադիր դաշտում: Համոզված եմ, որ այս գործիչների մեջ էլ շատ ֆուտբոլասերներ կան եւ պետք է ասել, որ ամեն ինչ իր ժամանակին է պետք անել: Օրինակ, եթե այսօր Մարադոնան, Ռոբերտո Բաջոն, որոնք ժամանակին եղել են լուրջ խաղացողներ, վերադառնան ֆուտբոլային դաշտ, դժվար թե կարողանան արդյունավետ ցույց տալ իրենց նախկին կարողության տասը տոկոսը, երբ որ եղել են լավ մարզավիճակում, այնպես որ ամեն ինչ պետք է լինի իր ժամանակին»:





























