Արարատյան դաշտում պետք է ստուգել ավելի քան 130 ստորգետնյա ջրերի հորատանցքերի օրինականությունը։ Այս մասին  NEWS.am–ի հետ զրույցում ասել է բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանը։

Նա հիշեցրեց, որ վերջերս USAID–ը ներկայացրել էր Արարատյան դաշտի ստորգետնյա ջրային ռեսուրսների պահպանման ծրագրի միջանկյալ արդյունքները։ Հայտնաբերվել է ավելի քան 130 ջրահավաք նոր կետ, որոնք նախարարությունը չէր ուսումնասիրել եւ հիմա պատրաստվում է ստուգել դրանց օրինականությունը։

Նշենք, որ 2014–ին Բնապահպանության նախարարությունը հայտնաբերել եւ փակել էր 43 ապօրինի ստորգետնյա ջրերի հորատանցք, 2015–ին՝ 5, 2016-ին՝ 6։ «Կարող էր թվալ, որ հիմնական օրինախախտերն արդեն հայտնաբերվել են։ Բայց USAID–ի աջակցությամբ ստացված տվյալները աշխատանքի նոր ճակատ են բացել»,– հավելեց փոխնախարարը։

Նշենք, որ Արարատյան դաշտի ստորգետնյա հորատանցքերի 65-70 տոկոսը պատկանում է ձկնաբուծական տնտեսություններին, որոնց թվում՝ շրջանառվում են նախկին  վարչապետ Հովիկ Աբրահամյանի, ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի եւ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի անունները։