Երեւանում մայիսի 13-ի գիշերը «Բրավո» տաքսի ծառայության ընկերության տնօրենի տան վրա նախնական տվյալներով ավազակային հարձակում կատարելու պահին սպանված Հրաչյա Ֆալանջյանի մահվան գործով պատասխանատվության ենթարկվածներ դեռ չկան: NEWS.am-ի հետ զրույցում Հրաչյայի իրավահաջորդի ներկայացուցիչ Անի Չատինյանը նշեց, որ նախաքննական մարմնին միջնորդություն է ներկայացվել ավազակային հարձակման եւ Հրաչյայի մահվան գործով վարույթներն առանձնացնելու: Բացի այդ, վարույթն իրականացնող մարմնին քննչական գործողություններ կատարելու միջնորդություններ են ներկայացվել, որոնք ուղղված են Հրաչյայի մահվան հանգամանքները պարզելուն:

«Մեր ներկայացրած երկու միջնորդություններն էլ վարույթն իրականացնող մարմինը հետաձգել է անորոշ ժամանակով: Ամիսներ տեւած նախաքննության ընթացքում նրան մահ պատճառած անձինք հայտնի չեն, քանի որ Ֆալանջյանի նկատմամբ կատարվածը բացահայտելու ուղղությամբ դեռեւս քննություն չի տարվել: Այդ պատճառով էլ ներկայացրել ենք միջնորդությունները»,-ասաց փաստաբանը:

Հրաչյա Ֆալանջյանի մայը` տիկին Մարիետան էլ մեզ հետ զրույցում նշեց, որ դժգոհ է նախաքննության ընթացքից. նրա խոսքով` հիմնական քննությունը տարվել է ավազակային հարձակման ուղղությամբ եւ ոչինչ չի արվել իր որդուն սպանողներին բացահայտելու համար: Նրա խոսքով` դեպքի վայրում հայտնաբերված շատ առարկաներ Հրաչյային չեն պատկանում, կան տվյալներ, որոնք չեն համընկնում քննվող գործին` բաներ կան, որ ներկայացված իրավիճակին չեն համապատասխանում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանում 2016թ. մայիսի 13-ի գիշերը «Բրավո» տաքսի ծառայության ընկերության տնօրենի տան վրա ավազակային հարձակում է տեղի ունեցել: Ավազակային հարձակման մեջ կասկածվում են Հրաչյան ու Էդգար Մկրտչյանը: Հրաչյա Ֆալանջյանը ավազակային հարձակման ընթացքում տեղի ունեցած ծեծկռտուքի հետեւանքով մահացել է, Էդգարը կալանավորված է: