«Ընտանեկան բռնության մասին» օրենքի դեմ արտահայտվողների խոսքն անհիմն է եւ ստահոդ տվյալների վրա է հիմնված։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 28-ին, «Կանանց իրավունքների պաշտպանությունը եւ ընտանեկան բռնության կանխարգելման օրենքի ընդունման հեռանկարները ՀՀ-ում» թեմայով քննարկման ժամանակ նշել է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի համակարգող Զարուհի Հովհաննիսյանը:
«Մասնավորապես, հակադրությունը շատ հաճախ դրվում է Արեւմուտք-Ռուսաստան քաղաքական կոնտեքստում, քանի որ նշվում է, որ Արեւմուտքում այդ օրենքները կան, ու իրենց կարծիքով, արատներ կան: Նրանք գտնում են անհաջող օրինակներ միջազգային փորձից, բերում տվյալներ, որոնք անգամ հաստատված չեն, որոնք որեւէ տեղ չես կարող գտնել: Պետք է նշեմ, որ մենք տարածաշրջանում միակ երկիրն ենք, որ այս օրենքը չի ընդունել, նույնիսկ Ադրբեջանը ունի օրենքի կարգավորումը, այնպես որ, այդ քաղաքական հակադրությունը կեղծ է»,-ասաց Զարուհի Հովհաննիսյանը:
Նա համոզմունք հայտնեց, որ այս խնդրի շուրջ քննարկումներում պետք է լինի նաեւ պետության դերը, պետությունը չպետք է կողմ քաշվի. «Այս պահին օրենքը կայքից հանված է վերամշակման, ներքին քննարկումների պատրվակով: Քանի դեռ օրենքը բաց դրված չէ կայքում, այդպիսի քննարկումները, հասարակական դաշտը խառնաշփոթի ենթարկելն անիմաստ է: Պետությունը պետք է իր կարգավորիչ դերը կատարի, քանի որ օրինագիծը պետությանն է:
Մյուս բոլոր քննարկումներին մեր դաշտը պատրաստ է, եթե դրանք լինեն տրամաբանության շրջանակներում, ոչ թե հերյուրանքների, ցեխ շպրտելու հետագծում»:





























