Բռնարարին արդարացնող, խտրականության կոչ պարունակող, կնոջ սպանությունն արդարացնող յուրաքանչյուր հոդված, կարծիք, հետագա բռնության հիմք է հանդիսանում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 28-ին, «Կանանց իրավունքների պաշտպանությունը եւ ընտանեկան բռնության կանխարգելման օրենքի ընդունման հեռանկարները ՀՀ-ում» թեմայով քննարկման ժամանակ նշել է Կանանց ռեսուրսային կենտրոնի ծրագրերի համակարգող Անահիտ Սիմոնյանը:

Նրա խոսքով, չիշտ, ոչ խտրական ուղերձների վրա հիմնված նյութերը, հոդվածները շատ կարեւոր են:

Անահիտ Սիմոնյանը նշեց, որ առավել խնդրահարույց է ամուսնական բռնաբարությունների խնդիրը. «Ամուսնական բռնաբարությունները խնդրահարույց են պետության համար, այստեղ մեծ են տոկոսը եւ միտումները, սակայն բողոքելու եւ դատական ատյաններով պաշտպանություն գտնելու խնդիրը բավական լուրջ է կանանց մոտ»:

Իր հերթին սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի փորձագետ Աննա Հովհաննիսյանը նշեց այս տարի ընտանեկան բռնության առավել ցայտուն երկու դեպքերը՝ նշելով. «Առավել աղմկահարույց են երկու դեպք. մեկը Թագուհի Մանսուրյանի դեպքն էր, երբ հուլիսի 8-ին երեւի բոլորը շոկային վիճակում էին, երբ ամուսինը կացնահարել էր Թագուհուն եւ նրա մորը:

Մյուսը 9-ամյա երեխային բռնության ենթարկած հոր դեպքն էր, որից հետո հայրը ընդամենը 50 հազար դրամ տուգանքի էր արժանացել եւ վերադարձել նույն ընտանիք: «Հիմա չկա որեւէ երաշխիք, թե որքանով է հոր վարքը փոփոխվել: Չկա որեւէ կառույց, որ կգնահատի նրա վարքը, թե որքանով է նրա վարքը վտանգավոր երեխաների համար»:

Աննա Հովհաննիսյանի ներկայացմամբ, «Ընտանեկան բռնության մասին» օրենքի առկայությունը նման դեպքերի համար կարեւոր է, որովհետեւ կտա այն մեխանիզմները, որոնք  կօգնեն փրկել մարդկային կյանքեր: «Թագուհու մորը հնարավոր էր փրկել, եթե լիներ օրենք, եթե լինեին պաշտպանական մեխանիզմները: Մենք ունենք դեպքեր, երբ նախկին ամուսինները շարունակում են հետապնդել, սպառնալ կանանց, որ կգան կսպանեն: Ես անձամբ առնչվել եմ նման խնդրի, երբ կինը ոստիկանությունում ահազանգում է, գրում է, մինչդեռ լուծում չի լինում: Իրավապահ համակարգը նույնպես նշում է, որ չունեն մեխանիզմներ միջամտելու նման դեպքերում»,-ընդգծեց նա: