ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում Հայաստանում գործող բնապահպանական տեղեկատվության հասարակական Օրհուս կենտրոնների գործունեության վերաբերյալ: ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի շրջակա միջավայրի հարցերով ազգային ծրագրերի պատասխանատու Գոհար Ղազինյանը ներկայացրել է Օրհուս կենտրոնների ձեւավորման ընթացքը եւ կատարած աշխատանքները: 2002 թվականին ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը ՀՀ բնապահպանության նախարարության հետ համատեղ ստորագրված հուշագրի շրջանակում ստեղծել են Երեւանի Օրհուս կենտրոնը, ինչին հաջորդել է նաեւ Հայաստանի մարզերում եւս 14 կենտրոնի ստեղծումը:
Բանախոսը հայտնել է, որ կենտրոնների հիմնական գործառույթը եղել է Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության մատչելիության, որոշումների ընդունման գործընթացին հասարակայնության մասնակցության եվ արդարադատության մատչելիության մասին կոնվենցիայով /Օրհուսի կոնվենցիա/ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարմանը նպաստելը, այն է` բնապահպանական խնդիրների վերաբերյալ հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացումը եւ որոշումների կայացման գործընթացներին հասարակության մասնակցության խթանումը: Ներկայացվել են կենտրոնների գործունեության արդյունքները, ինչը պարբերաբար բարձր է գնահատվել նաեւ միջազգային կառույցների կողմից:
Կարեւորելով կենտրոնների աշխատանքների շարունակականությունը եւ նպատակայնության բարձրացումը` հանդիպմանը քննարկվել է Օրհուս կենտրոնները պետական կառավարմանը հանձնելու մեխանիզմները, ինչն ամրագրված է նաեւ երկկողմ հուշագրում:
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն առաջնային է համարել այդ գործընթացի համակարգային լուծման անհրաժեշտությունը, ինչն իր հերթին կնպաստի կենտրոնների աշխատանքների արդյունավետության բարձրացմանը: Քննարկման արդյունքում որոշվել է, որ Օրհուս կենտրոնների նոր կարգավիճակի հարցը հստակեցնելու համար պետք է վերջիններիս վերաբերյալ ՀՀ բնապահպանության նախարարության եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հետ նոր հուշագիր մշակել` որում կսահմանվեն կողմերի լիազորությունները, համաֆինանսավորման մեխանիզմները:
ՀՀ բնապահպանության նախարարը հանձնարարել է սեղմ ժամկետում ներկայացնել համագործակցության հուշագրի նոր նախագիծ` հստակեցնելով Օրհուս կենտրոնների կարգավիճակը եւ գործունեության սկզբունքները, ինչպես նաեւ կողմերի պարտավորությունները:





























