Եթե ՀԱՊԿ-ն վճռական դիրքորոշումը չհայտնի, կնշանակի, որ այն շարունակում է իր անողնաշար քաղաքականությունը: Այս մասին հայտարարություն է տարածել Ռամկավար ազատական կուսակցության Կենտրոնական վարչությունը:
Հայտարարությունում ասվում է.
«Տավուշի մարզի Չինար գյուղի մոտ սույն թվականի դեկտեմբերի 29-ին տեղի ունեցած Ադրբեջանական բանակի դիվերսիան մեկ անգամ եւս փաստում է, որ Ադրբեջանի նենգ ու դավադիր քաղաքականությունը շարունակվում է եւ որ ապրիլյան իրադարձությունները դաս չեղան մեր թշնամու համար: Այդ իրադարձություններից հետեւություններ չարեցին նաեւ միջազգային կազմակերպությունները՝ առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խումբը եւ ՀԱՊԿ մասնակից երկրները, դժբախտաբար:
Տեղի ունեցածը ազդում է ոչ միայն Հայաստանի, այլեւ ողջ տարածաշրջանի ռազմաքաղաքական կայունության վրա, այն նաեւ պետք է ազդակ լինի ՀԱՊԿ եւ ԵՏՄ անդամ պետությունների համար, որպեսզի վերջիններս միահամուռ կերպով անաչառ արձագանքեն եւ դատապարտեն Ադրբեջանի կողմից ՀՀ սահմանների նկատմամբ կատարված ոտնձգությունները:
Դիվերսիոն գործողությունը Հայաստան-Ադրբեջան սահմանին նաեւ ազդաշան է, որ հարձակում է իրականացվել Հայաստանի Հանրապետության վրա, ինչը նշանակում է, որ ՀԱՊԿ-ը, ելնելով այդ կազմակերպության կանոնադրությունից, պետք է իր վճռական դիրքորոշումը հայտնի, հակառակը կնշանակի, որ այդ կառույցը շարունակում է իր անողնաշար քաղաքականությունը:
ՌԱԿ Կենտրոնական վարչությունը մեկ անգամ եւս կոչ է հանում համայն հայությանը միավորվել Հայրենիքի շուրջ եւ շարունակական ջանքեր գործադրել ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի անվտանգության բարձրացման համար: Այս պահին խիստ կարեւոր է նաեւ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության մասին բարձրաձայնել միջազգային շրջանակներում եւ առաջին հերթին դիմել ՄԱԿ Անվտանգության խորհրդին՝ ՄԱԿ-ի անդամ Հայաստանի Հանրապետության դեմ մեկ այլ անդամ երկրի՝ Ադրբեջանի նախահարձակ գործողությունները դատապարտելու ու կարգի հրավիրելու պահանջով:
ՌԱԿ Կենտրոնական վարչությունը սգում է զոհված հայ զինծառայողների կորուստը եւ կիսում նրանց ընտանիքների ու հարազատների ցավը»:





























