ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի՝ հայ–ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ արված հայտարարությունը կարելի է գնահատել դրական եւ հասցեական: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Այդ հայտարարությունը ես դրական եմ որակում 3 պատճառով: Առաջին, օպերատիվ արձագանքը ՀԱՊԿ-ի կողմից արդեն շատ դրական է: Երկրորդ, Բորդյուժան Չինարիում տեղի ունեցած դիվերսիոն գործողությունը որակում է սադրանք, այսինքն ՀԱՊԿ-ն այլեւս չի խոսում ընդհանրական գնահատականներով, Նիկոլայ Բարդյուժան կոնկրետ հասցեական մատնանշում է Ադրբեջանի գործողությունները սադրանք, դա ոչ միայն ՀԱՊԿ-ի, այլեւ համախանախագահ երկրներից Ռուսաստանի դիրքորոշումն է: Երրորդ, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը, խոսելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասին, օրիգինալ ռուսական տեքստում օգտագործում է « Нагорно-Карабахская Республика»: Ես չեմ հիշում, որ ՀԱՊԿ-ը կամ այլ կառույց իր պաշտոնական գնահատականներում գրավոր Արցախի մասին խոսելիս նշեին «Հանրապետություն» բառը: Սա նոր ազդակ է եւ ճնշում Ադրբեջանի նկատմամբ»,- ասաց նա:

Շարմազանովի խոսքով, իհարկե, կարելի է տալ ավելի խիստ գնահատական, սակայն սա կարելի է ինչ-որ տեղ ընդունել որպես հասցեական գնահատական, որն ադրբեջանցիների գործողությունները անվանել է սադրանք. «Պետք է գիտակցենք, որ դիվանագիտական լեքսիկոն կա, եւ այդ առումով սա բավականին խիստ եւ հասցեական գնահատական էր»:

Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի դիվերսիային, Շարմազանովը նկատեց, որ սա Ադրբեջանի պատասխանն է Սանկտ Պետերբուրգի եւ Վիեննայի պայմանավորվածություններին, ինչպես նաեւ չի բացառվում, որ Ադրբեւանը, բանակցային գործընթացում հայտնվելով փակուղում, փորձում է փոխել կամ իրավիճակը կամ խճճել բանակցությունները. «Այն ժամանակ, երբ միջնորդ կողմերը խոսում են բանակցությունների շարունակության, Սանկտ Պետերբուրգում եւ Վիեննայում ընդունված սկզբունքների անհապաղ իրականացման մասին, Ալիեը գնում է նման քայլի: Սա դատապարտելի քայլ է, սա ցույց է տալիս Ադրբեջան պետության իրական բնույթը, որը լուրջ սպառնալիք է տարածաշրջանային կայունության համար»:

Ավելի վաղ Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ հակառակորդը հետ է շպրտվել, տալով զոհեր ու վիրավորներ, այդ թվում նաեւ` մեր մարտական դիրքերի հատվածում. «ՀՀ պաշտպանության նախարարությունը տիրապետում է ադրբեջանական կողմից ՀՀ պետական սահմանի խախտման անհերքելի ապացույցների: Տեղի ունեցած սադրանքի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»:

Ադրբեջանական զորքերի ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձի հետեւանքով հայկական կողմն ունի երեք զոհ` ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը եւ Էրիկ Գարիկի Աբովյանը:

Ադրբեջանական դիվերսիային արձագանքել է նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան. «ՀԱՊԿ անդամ պետության տարածքում նման գործողությունները գնահատում ենք որպես սադրանք, հատկապես Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում այս տարվա ապրիլին ծանր զինատեսակների եւ զրահատեխնիկայի կիրառմամբ բավականին ծանր միջադեպի ֆոնին։ Թվում էր, թե երկու կողմերի, ինչպես նաեւ որոշ պետությունների առաջնորդների կողմից ձեռնարկած ջանքերը հաշվի առնելով՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը վերջապես ավելի ակտիվ կընթանա։ Սակայն վերջին ժամանակներս տարածաշրջանից ստացվող հրադադարի մասին համաձայնությունների խախտման մասին տեղեկությունները, հատկապես դեկտեմբերի 29-ի միջադեպը, որը զինծառայողների մահվան պատճառ է դարձել, լուրջ մտահոգության տեղիք է տալիս»։