Հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի դիվերսիայի վերաբերյալ ՀԱՊԿ հայտարարությունը բավականին խիստ է։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 29-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն՝ անդրադառնալով այն մեկնաբանություններին, որ հայտարարությունը հասցեական չէ։
«Ես նույնիսկ կասկածում էի, որ ՀԱՊԿ հայտարարության թարգմանության մեջ սխալ է եղել եւ ռուսերենը տեքստը կարդալուց հետո համոզվեցի, որ գործածել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն տերմինը։ Սա արդեն ՀԱՊԿ-ից խիստ գնահատական է»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Նրա խոսքով՝ «ֆեյսբուքյան ֆիդայինների մաքսիմալիզմը» նրանց թույլ չի տալիս տեսնել այս կարեւոր հատվածը, սակայն դիվանագիտական տեսակետից հայտարարությունը բավական խիստ է։
«Ես համարում եմ խիստ գնահատական, եւ այսքան ժամանակ պաշտոնական փաստաթղթում այսպիսի խիստ գնահատական չեմ կարդացել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» տերմինի առումով։ Ֆեյսբուքյան անգրագետ մեկնաբանություններին չեմ ուզում անդրադառնալ, բայց վիրտուալ ֆիդայիների մաքսիմալիզմի մեկ երրորդը եթե պահանջեին մեր իշխանություններից, այսպիսին չէր լինի վիճակը։ Դրսից մաքսիմալիզմ պահանջելը մեր հիվանդությունն է»,– ասաց նա։
Ինչ վերաբերում է այն դիտարկումներին, որ ՀՀ հիմնադիր նախագահ Լեւոն Տեր- Պետրոսյանը ռացիոնալ գործիչ էր համարել Ադրբեջանի նախագահ Ալիեւին, պատգամավորն ասաց՝ Տեր-Պետորսյանն իր ելույթում արդեն հիմնավորել է ամեն ինչ։
Ավելի վաղ NEWS.am–ը հաղորդել էր, որ դեկտեմբերի 29-ին վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ արեւելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ, որի հետեւանքով հայկական կողմն ունեցել է երեք զոհ։
Ավելի ուշ ՀԱՊԿ քարտուղարությունը տարածել է այս կապակցությամբ հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է․ «ՀԱՊԿ անդամ պետության տարածքում նման գործողությունները գնահատում ենք որպես սադրանք, հատկապես Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում այս տարվա ապրիլին ծանր զինատեսակների եւ զրահատեխնիկայի կիրառմամբ բավականին ծանր միջադեպի ֆոնին։ Թվում էր, թե երկու կողմերի, ինչպես նաեւ որոշ պետությունների առաջնորդների կողմից ձեռնարկած ջանքերը հաշվի առնելով՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը վերջապես ավելի ակտիվ կընթանա։ Սակայն վերջին ժամանակներս տարածաշրջանից ստացվող հրադադարի մասին համաձայնությունների խախտման մասին տեղեկությունները, հատկապես դեկտեմբերի 29-ի միջադեպը, որը զինծառայողների մահվան պատճառ է դարձել, լուրջ մտահոգության տեղիք է տալիս»,–նշված է մեկնաբանության մեջ։





























