Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը եւ «Սասնա Ծռեր» խմբավորումը Ամանորյա ուղերձ են հղել, որում ասվում է.
«29» դեկտեմբերի 2016թ. ք.Երեւան
Սիրելի՛ հայրենակիցներ
Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների բարեմաղթությունների փոխարեն թշնամին ստիպում է մեզ նորից խոսել զոհերի մասին:
Վարժեցնելով մեզ կորուստների անխուսափելիությանը, նա որդեգրել է մաշեցնող պատերազմի մարտավարություն՝ փորձելով սուգը դարձնել մեր ընտանիքների սովորական հոգեվիճակ: Իսկ օտարի շահերին լծված ազգադավ վարչակազմը, չկատարելով իր վրա դրված արժանապատվորեն հակազդելու պարտականությունը, ամեն ինչ անում է ժողովրդի մեջ արտաքին հովանավորի անհրաժեշտության գիտակցություն ներարկելու համար:
Այո, դժբախտաբար մարդկային, տարածքային, քաղաքական եւ քաղաքացիական կորուստներով ենք մտնում Նոր տարի: Այդ եւ գալիք կորուստների վերաիմաստավորման անհրաժեշտությունը ստիպում է մեզ վերհիշել մեր ով լինելը եւ գիտակցել պահի պատմականությունը:
Հայ ժողովուրդն արդեն մի քանի հազարամյակ տարածաշրջանի կարեւոր բաղկացուցիչ միավորի՝ Հայաստանի տերն ու կերտողն է: Այդ հազարամյակների ընթացքում մեր այս կարգավիճակը պահպանելու ու նորոգելու, մեր պատմական առաքելությունը վերահաստատելու բազմաթիվ առիթներ ու անհրաժեշտություններ են եղել: Այժմ մենք ապրում ենք այդպիսի հերթական ժամանակահատվածում:
Առնվազն առաջիկա տասնամյակը լինելու է միջպետական հարաբերությունների տուրբուլենտության, արտաքին ու ներքին վայրիվերումների տասնամյակ: Միջազգային գլոբալ անկայունության ներկայիս պայմաններում տարածաշրջանի այսօրվա քաղաքական օրակարգում Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքներով ձեւավորված միավորների սահմանների վերանայումը եւ նոր միավորների առաջացումն է:
Պետք է խոստովանենք, որ նման դարակազմիկ փոփոխությունների շեմին ենք մոտենում շատ ծանր բեռով եւ խորապես հակասական վտանգավոր ճգնաժամային վիճակում: Որպես ժողովուրդ՝ ունենալով նոր ստեղծվող իրավիճակի ձեւավորմանը մասնակցելու եւ տարածաշրջանային սուբյեկտի դերով կայունության ու բարգավաճման նոր ափ դուրս գալու ներուժ, որպես պետություն՝ հայտնվել ենք կորստի եւ դրան հետեւող աղետի ընթացքի մեջ:
Մեր պետությունը (Արցախը ներառյալ) ռուսական ֆանտոմային կայսրության՝ Եվրասիական միության գաղութի է վերածվել: Նրա գաղութային վարչակազմին հանձնարարված է հասարակությանը հոգեբանորեն նախապատրաստել ազատագրված տարածքները հանձնելուն եւ ապավինել պերմյակովներից բաղկացած «խաղաղապահ» ուժերի ողորմածությանը: Զուգահեռաբար՝ ավարտին են մոտենում Հայկական բանակի ռազմավարական կառավարումը Ռուսաստանին հանձնելու եւ ԵԱՏՄ գերության մեջ մեզ լիակատար սնանկացման մատնելու գործընթացները:
Եթե այս ծրագիրն իագործվի, դոմինոյի սկզբունքով Արցախի, Մեղրու միջանցքի, ամբողջ Սյունիքի, հայրենաբնակ հայության եւ Հայրենիքի այս վերջին կտորի կորուստները կհաջորդեն իրար: Ռուսաստանին տարածք է պետք կայազորի համար, ոչ թե Հայաստան երկիր ու պետություն, ուստի մեր դարավոր թշնամու հետ նա, ի վերջո, հենվելով նաեւ նախկին փորձի վրա, լեզու կգտնի, բայց արդեն առանց մեզ:
Սակայն մեր պատմությունը հուշում է, որ օտարի ու նրա խամաճիկ յուրայինի ձեռքով իրագործվող այսպիսի ընթացքը առաջին անգամը չէ, որ մեզ լինել-չլինելու խնդրի առաջ է կանգնեցրել: Եվ այդ պատմությունը բազմիցս ապացուցել է, որ աշխարհի ու տարածաշրջանի բոլոր դարակազմիկ վերաձեւումների ժամանակ մենք կարողացել ենք, հավատարիմ մնալով մեր առաքելությանը, նորից ու նորից հարություն առնել եւ ինքնիշխան կերպով շարունակել մեր պատմական երթը՝ որպես տարածաշրջանին ու աշխարհին քաղաքակրթական արժեք ավելացնող ժողովուրդ:
Ներկայիս փուլում գաղութային վարչակազմը լծվել է 2017թ. գարնանը նախատեսված ընտրությունների միջոցով իր լեգիտիմացման գործին, որպեսզի կարողանա իրագործել իրեն հանձնարարված հրեշավոր ծրագիրը:
Այդ պատճառով՝ մեր առաջադրանքը պետք է լինի նշված ծրագրի խափանումն ու հայության ազգային առաքելության վերահաստատումը: Դրա համար մենք պետք է պատրաստ լինենք ընդվզելու: Եթե արտաքին կամ ներքին թշնամու տված կամ մեկ այլ առիթ լինի, ապա մինչ ընտրությունները: Իսկ եթե ոչ՝ պետք է բոյկոտի միջոցով ապալեգիտիմացնենք գաղութային քրեաոստիկանապետական վարչակազմին, ավելի հանգամանալից կերպով ինքնակազմակերպվենք եւ ընդվզմամբ կանխենք աղետը:
Ապալեգիտիմացման համար բնավ անհրաժեշտ չէ, որ հասարակության հեղինակազրկված հատվածը եւս մասնակցի դրան: Համատարած բոյկոտի կարիք չկա:
Ապալեգիտիմացման համար բնավ անհրաժեշտ չէ, որ հասարակության հեղինակազրկված հատվածը եւս մասնակցի դրան: Համատարած բոյկոտի կարիք չկա: Բավական է, որ բոյկոտին մասնակցի հասարակության գիտակից ու կամային մասի կորիզը՝ հոգեբանական, իրավաքաղաքական եւ գործնական առումներով մերժելով մասնակցությունը դավաճանությանը, գաղութային վարչակազմում տեղ գրավելու բորենիական գզվռտոցին ու բոյկոտը որպես ռեսուրս օգտագործելով՝ այդ մերժման հենքի վրա ազատ ու արժանապատիվ համախմբվածությամբ ինքնորոշվի դեպի ընդվզում եւ կազմակերպի այն՝ դառնալով դրա միջուկն ու քարշակը: Իսկ ընտրությունների հետ դեռեւս հույս կապող եւ ազնիվ մղումներ ունեցող Հայաստանի քաղաքացիները եւ մեր արտերկրաբնակ հայրենակիցները, կասկած չունենք, հընթացս կմիանան ընդվզմանը:
2016թ. բոլոր ծանր կորուստներով հանդերձ հիշենք, որ Նոր տարի ենք մտնում նաեւ ազգային ոգու պոռթկումների ձեռքբերումներով ամրապնդված հույսով ու հավատով:
Ապրիլյան քառօրյան եւ «Սասնա Ծռեր» շարժումը ցույց տվեցին, որ մեր ժողովուրդն այսօր էլ ունի ցասման եւ ոգու տրամաբանությամբ պոռթկալու ներուժ: Այն ունի նաեւ իր կամքը պարտադրելու սառը կարողություն: Ըստ այդմ՝ քաղաքական ասպարեզ է բացվել Հայաստանի նոր կարգավիճակի եւ պատմական առաքելության վերահաստատման համար, ինչն առաջիկայում պետք է իրականացվի Կուր-Արաքսյան ազգային-ժողովրդավարական Նոր Հանրապետության հիմնադրմամբ եւ նրա հետագա գործունեությամբ:
Սուվերենի կամքով ստեղծվող այս քաղաքական իրողության հետ ստիպված են լինելու հաշվի նստել թե՛ ռուսներն ու թուրքերը, թե՛ ամերիկացիներն ու իրանցիները եւ թե՛ այլոք: Ուստի՝ հավատարիմ լինենք մեր առաքելությանը, հավատա՛նք ի վերուստ մեզ տրված ուժերին եւ գործե՛նք արժանապատվությամբ:
Բոլորիդ շնորհավորում ենք Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների առթիվ եւ մաղթում մարդկային երջանկություն ու ազգային իղձերի կատարում:
Մե՛նք ենք տերը մեր երկրի»:





























