Հայաստանին հաջողվել է ադապտացվել նոր պայմաններին, որոնք ձեւավորվել են ԽՍՀՄ փլուզումից հետո, սակայն Հայաստանի ղեկավարությունն ընտրել է Ռուսաստանի հետ մերձեցման ուղին։ Այս մասին հայտնել է Մեքսիկայում Հայաստանի դեսպան Արա Այվազյանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Մենք Ռուսաստանի դաշնության հետ ռազմավարական դաշնակիցներ ենք, Ռուսաստանը մեր հիմնական տնտեսական գործընկերն է, մենք ԵՏՄ անդամ ենք, բայց միաժամանակ մենք ռազմավարական գործընկերության հարաբերություններ ունենք ԱՄՆ-ի հետ, շատ արդյունավետ ու օգտակար համագործակցություն ԵՄ-ի հետ։ Այսպիսով, մենք փորձում ենք մեր տարածաշրջանում հաշտեցնել տարբեր շահեր»,- հայտնել է Այվազյանը մեքսիկական Notimex գործակալությանը տված հարցազրույցում։

Նրա խոսքով Հայաստանը շատ կարեւոր աշխարհքաղաքական ու ռազմավարական գոտի է, որտեղ ավանդաբար բախվում են շատ համաշխարհային տերությունների շահերը։ Ընդ որում երկրի իշխանությունները առաջնորդվում են աշխարհի բաժանումը թշնամական ճամբարների կանխելու տրամաբանությամբ, ինչպես «սառը պատերազմի» ժամանակ էր։

Դեսպանը նաեւ նշել է, որ հենց Ռուսաստանի հետ լավ հարաբերություններն են իր երկրին թույլ տվել շարունակել զարգացումը որպես անկախ պետություն։