Վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի գլխավոր տնօրենի վրա հարձակման պատասխանատվությունը ստանձնել է Ռատի Գաչեչիլաձեն՝ 2008 թվականի նախագահական ընտրությունների թեկնածու, մինչեւ վերջերս «Մաեստրո» հեռուստաալիքի սեփականատեր Լեւան Գաչեչիլաձեի որդին:
Իր Facebook-ի էջում Ռատի Գաչեչիլաձեն գրել է, որ Նիկա Գվարամիայի վրա ինքն է հարձակվել, իրենից բացի՝ միջադեպին ոչ ոք չի մասնակցել: «Ռեստորանում կատարված այդ միջադեպն իմ արձագանքն էր ֆիզիկական եւ բարոյական վիրավորանքին, որն իմ ընտանիքը տարիներ շարունակ կրել է Գվարամիայից եւ ոչ միայն նրանից»,- պարզաբանել է Ռատի Գաչեչիլաձեն՝ հավելելով, որ փաստաբանի հետ մտադիր է ներկայանալ համապատասխան գերատեսչություն:
Ըստ «Գրուզիա Online»-ի՝ Նիկա Գվարամիայի վրա հարձակվել են «Dinning room» ռեստորանում: Նրա խոսքով՝ ռեստորանում լույսերը մարել են, իսկ մի քանի րոպե անց ինչ-որ մեկը հարձակվել է իր վրա: Նա ուշքի է եկել արդեն գետնին ընկած եւ ոստիկանություն զանգահարել: Ականատեսների խոսքով՝ հարձակվողները երկուսն են եղել:
Նշենք, որ «Ռուսթավի 2»-ը շարունակում է սատարել Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին եւ նրա շրջապատին:





























