Տոնական օրերին սահմանին իրավիճակը հարաբերականորեն ավելի հանգիստ է եղել: Այս մասին այսօր` հունվարի 8-ին, լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Տոնական օրերին սահմանին իրավիճակը հարաբերականորեն ավելի հանգիստ է եղել, բայց դա չի նշանակում, որ հրադադարի խախտում չի եղել: Հակառակորդը շարունակում է պարբերաբար կրակ արձակել, դա հիմնականում չթիրախավորված, ընդհանուր ֆոնային կրակ է: Մեր զինված ուժերը թիրախային արձագանքում են միայն այն դեպքերում, երբ թիրախ խոցելու անհրաժեշտություն կա: Մեր քաղաքական մոտեցումն այն է, որ զինադադարի ցանկացած խախտում միջազգային պարտավորության խախտում է, ինչին պետք է ռազմական գնահատական տալ»,- հայտարարեց նախարարը:





























