16-ամյա Խաչիկ Ղազանչյանի սպանության մեջ մեղադրվող Սուրեն Մուրադյանը սպանությունը կատարելու պահին աֆեկտի վիճակում չի եղել, սակայն, եղել է հոգեկան խիստ լարված վիճակում: Այս մասին այսօր՝ հունվարի 10-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սուրեն Մուրադյանի շահերի պաշտպան Արտակ Ոսկանյանը՝ նշելով, որ դատահոգեբուժական, դատահոգեբանական համալիր ստացիոնար փորձաքննության արդյունքն արդեն պարզ է։

«Փորձաքննությամբ պարզվել է, որ աֆեկտի վիճակում չի եղել, սակայն, եղել է հոգեկան խիստ լարված վիճակում, ինչն էապես ազդել է նրա կամքի, գիտակցության վրա՝ նվազեցնելով գիտակցված կառավարման ունակությունը»,-ասաց պաշտպանը:

Սուրեն Մուրադյանի պաշտպանի խոսքով՝ իր պաշտպանյալը տառապում է վարքի եւ հույզերի խառը խանգարումներով, գրանցված է Ավան հոգեբուժական կլինիկայում, ենթակա չէ զինվորական ծառայության։

Նշենք, որ Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել Սուրեն Մուրադյանին ենթարկել դատահոգեբուժական, դատահոգեբանական համալիր ստացիոնար փորձաքննության: Փորձաքննությունը պետք է պարզեր՝ արդյոք Սուրեն Մուրադյանը սպանության պահին եղել է աֆեկտի, կամ այնպիսի  վիճակում, որը կազդեր այնքան, որ չգիտակցեր, թե ինչ է անում։

Հիշեցնենք, որ Սուրեն Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. հունվարի 6-ին, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում Խաչիկ Ղազանչյանին սպանելու դիտավորությամբ իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր կենսական կարեւոր նշանակություն ունեցող մասերին` պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ, որոնցից նա դեպքից մոտ մեկ ամիս անց մահացել է: