Ամանորի տոներին Երևանից Վանաձոր հյուր եկած 1 տարեկան 3 ամսական Էմիլիան մեծերի համար անսպասելի կուլ է տվել 200 դրամանոցը: Մետաղադրամը խցանվել է երեխայի կերակրափողում:
Հարազատները երեխային անմիջապես տեղափոխել են Վանաձորի բժշկական կենտրոնի մանկական բաժանմունք: Տեղում կատարված միջամտությունից հետո մետաղադրամն իջել է ստամոքս:
Հարազատներին առաջարկվել է կամ մնալ հիվանդանոցում՝ հաջորդող օրերին անհրաժեշտ միջամտությունները կատարելու ու հսկողություն իրականացնելու համար, կամ դա շարունակել հարազատ քաղաքում՝ Երևանում:
Փոքրիկի մայրն ընտրել է երկրորդ տարբերակը:
Վանաձորի բժշկական կենտրոնի մանկական վիրաբույժ Գագիկ Ղամբարյանի խոսքով վերջին տարիներին նման դեպք չէր գրանցվել:
«Որ երեխան այդչափ փոքրիկ լինի, իսկ կուլ տված մետաղադրամն էլ այքան մեծ, չէինք ունեցել: Այդ առումով այս դեպքը բացառիկ էր»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց բժիշկը:




























