Հայաստանի արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչությունը հերքել է լրատվամիջոցներով տարածված տեղեկությունը, ըստ որի «Կոշ» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ հարձակում են գործել:

«Տեղեկացնում ենք, որ նշված տեղեկատվությունն ամբողջությամբ հերյուրանք է»,- ասված է ՀՀ Քրեակատարողական վարչության տարածած հաղորդագրության մեջ:

Իսկ ահա Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի լրատվության բաժնի պետ Ծովինար Խաչատրյանը հայտնել է, որ ՄԻՊ գրասենյակն այս խնդրի առնչությամբ դիմել է «Կոշ» ՔԿՀ-ին, որտեղից ՄԻՊ գրասենյակին վստահեցրել են, որ հարձակում չի եղել, այլ ընդամենը վիճաբանություն է տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի եւ խցակիցների միչեւ, որն արագ կանխվել է:

Հիշեցնենք, որ այսօր` նոյեմբերի 4-ին «Հայկական ժամանակ» թերթը լուր էր տպագրել, ըստ որի ԱԱԾ-ի իր աղբյուրներից հայտնի է դարձել, որ նոյեմբերի 3-ին «Կոշ» ՔԿՀ-ում հարձակում է եղել քաղբանտարկյալ, «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի վրա: Այլ մանրամասներ ճշտել չի հաջողվել:

Թերթի աղբյուրները նշել են, որ հարձակումը հրահանգավորված է եղել նախագահական նստավայրից: Ըստ այդմ, նպատակն է կասեցնել Նիկոլ Փաշինյանի քաղաքական եւ լրագրողական գործունեությունը: