Իտալացի թոշակառուն 3 տարի շարունակ կղանքով գրած նամակներ է ուղարկել քաղաքական գործիչներին եւ գործարարներին, հայտնում է askanews-ը:
Միլանցի 70-ամյա նախկին ոստիկանը ամեն օր հեռուստացույց դիտելուց հետո խելահեղ զայրույթով է համակվել: Իր զոհերին՝ հայտնի քաղաքական գործիչներին, գործարարներին, ֆուտբոլիստներին եւ շոու բիզնեսի աստղերին տղամարդն ընտրել է նորությունների թողարկումները դիտելիս:
Նա ծրարի մեջ է դրել օգտագործած զուգարանի թուղթը, իսկ հասցեի կողքին գրել է իր կայացրած «դատավճիռը», օրինակ՝ «կոռուպցիոներ», «մարդասպան» կամ «մանկապիղծ»:
Նրա վերջին հասցեատերերից մեկը տեղական իշխանությունների ներկայացուցիչներն են, որոնց նախկին իրավապահը մեղավոր է համարում ձնահոսքի տակ թաղված Rigopiano հյուրանոցում մարդկանց զոհվելու համար:
Տարեց տղամարդը, ինչպես նաեւ նրա հանցակցուհին, որը նամակները փոստ է տարել, այժմ ձերբակալված են: 2014-ից ի վեր նրանք հասցրել են ավելի քան 10 հազար նամակ ուղարկել, օրական միջինը 10 նամակ:
Թե որն է կյանքից թոշակառուի դժգոհության պատճառը՝ հայտնի չէ, նախկինում նա Միլանում երթեւեկության կարգավորող է աշխատել:



























