Բունդեսթագի երկու պատգամավորներ՝ Օմիդ Նուրիպուրը ու Նիմա Մովասաթը, մտավախություններ ունեն, որ չեն կարող ԱՄՆ մեկնել նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հրամանի պատճառով, ըստ որի ԱՄՆ մուտքն արգելվում է յոթ մուսուլմանական երկրների քաղաքացիների համար։ Երկու պատգամավորն էլ, Գերմանիայի անձնագրից բացի, Իրանի քաղաքացիներ են, փոխանցում է DW-ը։
«Դա սահմանափակում է իմ քաղաքական գործունեությունը։ Զբաղվում եմ զարգացող երկրներին օգնություն հատկացնելու քաղաքականությամբ, հաճախ եմ գործ ունենում ՄԱԿ-ի հետ, որի շտաբ բնակարանը Նյու Յորքում է։ Բնականաբար եթե ես այլեւս չկարողանամ մտնել ԱՄՆ, դա խնդիր կդառնա»,- հայտնել է Ձախ կուսակցությունը ներկայացնող Մովասաթը, որը Գերմանիայում է ծնվել իրանցիների ընտանիքում։
«Կանաչների» պատգամավոր Նուրիպուրը, որը զբաղեցնում է գերմանաամերիկյան խորհրդարանական խմբի նախագահի տեղակալի պաշտոնը, ենթադրում է, որ ԱՄՆ մտնելու արգելքը իր վրա էլ կտարածվի։ Չնայած դիվանագիտական անձնագրի առկայությանը, դիվանագիտական կարգավիճակ նա չունի, պարզաբանել է պատգամավորը։ Նուրիպուրը ընտանիքի հետ Իրանից Գերմանիա է տեղափոխվել 13 տարեկանում։ Պատգամավորի գնահատականով Թրամփի հրամանը կանդրադառնա Գերմանիայի ավելի քան 100 հազար օտարերկրյա ծագումով քաղաքացիների վրա։




























