Ոսկու արժեքը երեքշաբթի բարձրացել է ավելի անվտանգ ակտիվների պահանջարկի աճի ֆոնին՝ կապված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միգրացիոն քաղաքականության հետ, ամրագրված դոլարի էժանացմամբ, որի մասին վկայում են սակարկության տվյալները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

Նյու Յորքի Comex բորսայում ոսկու ապրիլյան ֆյուչերսները աճել են 7,20 դոլարով կամ 0,60 տոկոսով՝ մինչեւ 1203,20 դոլար տրոյական ունցիայի դիմաց: Արծաթի մարտյան ֆյուչերսների արժեքը աճել է 0,31 տոկոսով՝ ունցիայի դիմաց մինչեւ 17,21 դոլար:

«Թրամփի վերջին որոշ գործողությունների շուրջ ստեղծված անորոշությունը, ինչպիսին ներգաղթային արգելքն է, ոսկու համար կարճաժամկետ աջակցություն են ապահովել»,- ասել է OM Financial-ի փորձագետներից մեկը:

Թրամփի հայտնի հրամանագիրը մտահոգել է ներդրողներին, որոնք վախենում են, որ Թրամփի քաղաքականության անկանխատեսելիությունը կարող է խորանալ: Այս ֆոնին շուկայում աճում է «անվտանգ ակտիվների» պահանջարկը, որոնց թվին է ավանդաբար դասվում ոսկին: Ներդրողները տնտեսական եւ քաղաքական վայրիվերումների ժամանակահատվածներում հաճախ են դիմում թանկարժեք մետաղին որպես հուսալի ակտիվի: